Իրանի ԱԳ նախարարը խորհրդակցություններ անցկացնելու նպատակով հնարավոր է Վիեննայից վերադառնա Թեհրան
«Իրանի ԱԳ նախարարը խորհրդակցություններ անցկացնելու նպատակով հնարավոր է Վիեննայից վերադառնա Թեհրան»,-այդ մասին հաղորդում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը, հղում կատարելով «Associated Press»-ին:
Տեղեկատվության համաձայն՝ որոշ գործակալություններ ևս տեղեկատվություն են հրապարակել առ այն, որ ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու նպատակով մեկ օրով հնարավոր է վերադառնա Թեհրան, այնուհետև կրկին ետ վերադառնա Վիեննա:
«ՖԱՐՍ»-ի հաղորդմամբ՝ Իրանի պաշտոնատար անձինք դեռևս չեն հաստատել սույն տեղեկատվությունը:
Իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ նախօրեին Վիեննայում տեղի է ունեցել Իրանի, ԱՄՆ-ի ԱԳ նախարարներ Մոհամմադ Ջավադ Զարիֆի, Ջոն Քերիի և ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Քեթրին Էշթոնի եռակողմ հանդիպումը, որի ընթացքում կողմերը կարևորել են բանակցությունները շարունակելու անհրաժեշտությունը և քննարկել ուրանի հարստացման քանակին և Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները չեղյալ հայտարարելուն առնչվող հարցեր:
Նկատենք, որ 2013թ. նոյեմբերի 24-ին Ժնևում Իրանի և «5+1 խմբի» միջև համաձայնագիր էր ստորագրվել, համաձայն որի՝ վեցամսյա ժամկետում համապարփակ համաձայնագիր ստորագրելու նպատակով կողմերը պետք է բանակցություններ անցկացնեին: Ս.թ. հուլիսի 20-ին ավարտվեցին բանակցությունները, սակայն կողմերն այդպես էլ համաձայնության չեկան. Որոշում կայացվեց բանակցությունների ժամկետը երկարացնել ևս 4 ամսով, մինչև 2014թ. նոյեմբերի 24-ը:
Թեմայի առնչությամբ մեկնաբանություն՝
Ի՞նչ առաջընթաց է արձանագրվել Իրանի միջուկային խնդրի կարգավորման հարցում