Օլգա Ջոնուա. Աբխազիան և Հարավային Օսիան ոչ մի պայմանով չեն վերադառնալու Վրաստանի կազմ
«Վրաստանը հանդիսանում է ԵՄ-ի ասոցացման անդամ և վրացական իշխանությունները ցանկանում են հասնել Վրաստանի ՆԱՏՕ-ին անդամակցությանը»,-այսօր «Եվրաինտեգրման գործընթացի դրական և բացասական կողմերը Սուխումի և Ցխինվալի համար» թեմայով քաղաքացիական լսումների ընթացքում ասաց Աբխազական Պետական Հեռուստառադիոընկերության լրագրող Օլգա Ջոնուան:
Նա նշեց, որ Աբխազիան գիտակցում է Վրաստանի ԵՄ-ի ասոցացման և ՆԱՏՕ-ի անդամակցության սպառնալիքները Աբխազիայի ազգային անվտանգության համար:
«Աբխազիան և Հարավային Օսիան ոչ մի պայմանով չեն վերադառնալու Վրաստանի կազմ` ոչ ինքնավարության կամ որևէ այլ կարգավիճակում»,-նշեց նա:
Օ.Ջոնուան նշեց, որ Աբխազիան մտահոգված է Վրաստանի և ՆԱՏՕ-ի միջև սերտ համագործակցությամբ. «Ռուսաստանը նույնպես զգում է Վրաստանի ՆԱՏՕ-ին անդամակցելու վտանգը, քանի որ չի ցանկանում դաշինքի մոտեցում սեփական սահմաններին»:
Նրա խոսքով, Վրաստանի ՆԱՏՕ-ի հետ սերտ համագործակցությունը կուժեղացնի Վրաստանի ռազմական ներուժը և Թբիլիսին կփորձի ռազմական ճանապարհով հետ բերել Աբխազիան և Հարավային Օսիային իր կազմ:
Իր հերթին լսումների մեկ այլ մասնակից, Ցխինվալից ժամանած լրագրող Զարինա Սանակոևան նշեց, որ Վրաստանը և Հարավային Օսիան բավականին երկար ժամանակ հայտարարում են իրենց արտաքին քաղաքական ուղենիշների մասին:
«Եթե Վրաստանը իր ապագան տեսնում է ԵՄ-ի կազմում, ապա Հարավային Օսիան` Ռուսաստանի և Եվրասիական տնտեսական միության հետ սերտ համագործակցության մեջ»,-նշեց Զ. Սանակոևան:
Նրա խոսքով, պաշտոնական Ցխինվալի և Թբիլիսի միջև այս պահին բացակայում է որևէ երկխոսություն. «Հարավային Օսիան տնտեսապես և քաղաքականապես ինտեգրված է Ռուսաստանի հետ, իսկ ԵՄ-ը երկրները հակառակը հայտարարում են, որ չեն ճանաչելու Հարավային Օսիայի անկախությունը»: