«Ադրբեջանն ամեն կերպ փորձում է տապալել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը»
Շարունակվում է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը Ֆրանսիայի Հանրապետություն:
Նախօրեին ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ: Հանդիպման ընթացքում Գալուստ Սահակյանը շնորհավորել է պարոն Լարշեին Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ ընտրվելու կապակցությամբ: Այս մասին հայտնում է ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
Անդրադառնալով հայ-ֆրանսիական հարաբերություններին՝ Գալուստ Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ այսօր այդ հարաբերությունները հասել են առանձնահատուկ մակարդակի՝ հիմքում ունենալով երկու ժողովուրդների միջև առկա պատմամշակութային բազմադարյան կապերը: Նա նշել է նաև, որ երկու երկրներն իրար կապող ամուր կամուրջ է նաև Ֆրանսիայի մեծ ու ազդեցիկ հայկական համայնքը:
Հայաստանի Հանրապետության օրենսդիր մարմնի ղեկավարի խոսքով՝ 1992 թվականի փետրվարին դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր ծավալված բարձրաստիճան քաղաքական երկխոսությունը կայուն հիմք է դարձել տնտեսական, մշակութային, կրթական, գիտական և այլ բնագավառներում սերտ և արդյունավետ համագործակցության համար: Գալուստ Սահակյանը մեկ անգամ ևս փաստել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի ծանրակշիռ դերը միջազգային ասպարեզում, մասնավորապես, նրա ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ձևաչափում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ:
Խոսելով Արցախի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի մասին՝ ԱԺ նախագահը նշել է, որ այդ հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով՝ միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա: Խորհրդարանի նախագահը մտահոգություն է հայտնել այն հանգամանքի առթիվ, որ նույն մոտեցումները չի կիսում Ադրբեջանը՝ ամեն կերպ փորձելով տապալել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը և տարածաշրջանը պահելով լարված վիճակում:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը խոսել է նոյեմբերի 12-ին ադրբեջանական զինուժի կողմից խոցված ԼՂՀ պաշտպանության բանակի ուղղաթիռի մասին՝ այդ սադրիչ գործողությունները որակելով որպես զինադադարի կոպիտ խախտում: Նա հավելել է, որ մարդկային կյանքեր խլած այդ գործողությունը պետք է միանշանակ դատապարտվի միջազգային հանրության կողմից: Գալուստ Սահակյանը Ֆրանսիայի Սենատի նախագահին հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու 2015 թվականի ապրիլին կայանալիք Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին:
ՀՀ օրենսդիր մարմնի ղեկավարը հույս է հայտնել, որ Ֆրանսիայի Սենատի նախագահը հետևողական կլինի Ցեղասպանության ժխտումը դատապարտող օրենքի նոր նախագծի ներկայացման և դրա ընդունման հարցում:
Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեն շնորհակալություն է հայտնել հայկական պատվիրակությանը Սենատ այցելելու համար և վստահեցրել, որ հայ-ֆրանսիական հարաբերությունների այժմյան բարձր մակարդակը շարունակելու է բարձրանալ խորհրդարանների սերտ համագործակցության արդյունքում:
Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահը հանդիպել է նաև Ֆրանսիայի տնտեսապես առավել զարգացած տարածաշրջանի` Օ-դը-Սենի խորհրդի նախագահ, Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Պատրիկ Դեվեջյանի հետ:
Նույն օրը ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունն այցելել է նաև Փարիզի հայ առաքելական Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի: Այնուհետև Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը եղել է Փարիզի Երևանյան այգում, որտեղ պատվիրակության անդամները ծաղիկներ են տեղադրել Կոմիտասի արձանի առջև:
Հիշեցնենք, որ պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը, Արա Բաբլոյանը, Կարեն Ավագյանը և Արմեն Ռուստամյանը: