Ուրուգվայի փոխնախագահը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին
Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլո Աստորին այսօր ՀՀ ԱԺ Հայաստան-Ուրուգվայ բարեկամական խմբի ղեկավար Սուքիաս Ավետիսյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Ուրուգվայի Սենատի նախագահը ծաղկեպսակ է դրել 1915 թ-ի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, լռությամբ ու խոնարհումով հարգել մեկ ու կես միլիոն անմեղ զոհերի հիշատակը:
Ուրուգվայի Սենատի նախագահ Դանիլո Աստորին, կիսելով իր տպավորությունները, նշել է, որ անչափ տպավորված է, թե ինչպիսի խորությամբ է Հայաստանը հիշում ու վառ պահում ցեղասպանության զոհերի հիշատակը:
«Հայոց մեծ եղեռնի միջազգայնորեն ճանաչման գործում Հայաստանը պետք է վստահ լինի, որ իր կողքին ունի բարեկամ երկիր` Ուրուգվայի Արեւելյան Հանրապետությունը, որը պատրաստ է մշտապես աջակցել»,- ասել է Դանիլո Աստորին:
Ուրուգվայցի բաձրաստիճան հյուրը եղել է նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Հայոց Մեծ եղեռնը հավաստող վավերագրերին ու փաստաթղթերին: