ԵՄ-ն պատրաստակամ է աշխատել Հայաստանի հետ. Տրայան Հրիսթեա
Որոշ շահագրգիռ անձանց համար սեպտեմբերի 3-ի Հայաստանի հայտարարությունը` ԵՏՄ-ին անդամակցելու վերաբերյալ անակնկալ էր: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան:
«Բայց ԵՄ բնորոշ և կարևոր հականիշներից մեկն այն է, որ այն հարգում է իր գործընկեր պետությունների որոշումները և այդ տեսանկյունից ամբողջովին հաշվի է առնում Հայաստանի որոշումը»,-ասաց դեսպանը՝ պատասխանելով հարցին՝ թե արդյո՞ք ՀՀ-ի` ԵՏՄ-ին անդամակցությունը վստահության դեֆիցիտ չի առաջացնի:
Նա ընդգծեց նաև, շարժվում են այնպես, որ նախկինի պես համագործակցությունը շարունակվի և Հայաստանի, և ԵՄ կողմից. «Մենք շարունակելու ենք օժանդակել թե հասարակական կազմակերպություններին, թե քաղաքացիական հասարակությանը»:
Անդրադառնալով առևտրի ոլորտում համագործակցությանը Տ. Հրիսթեան ասաց. «Ինչպես մյուս բնագավառներում` մարդու իրավունքների պաշտպանության, ՓՄՁ ոլորտի, գյուղական համայնքների, ՀՀ մարզերի հավասարաչափ զարգացման, այնպես էլ առևտրի բնագավառում համագործակցությունը կշարունակվի»:
Դեսպանը նաև հայտնեց, որ պայմանավորվածություն կա հայ գործընկերների դիմումի հիման վրա շարունակել աջակցել Հայաստանին՝ ժողովրդավարացման գործընթացում:
«Մենք քաջալերելու ենք Հայաստանին շարունակել մասնակցել Արևելյան Գործընկերության ձևաչափին ու բոլոր միջոցառումներին»,-ավելացրեց նա:
Նրա խոսքով՝ այս պահի դրությամբ հաստատ է, որ ԵՄ-ն պատրաստակամ է աշխատել Հայաստանի հետ, իսկ հետագայում ամեն ինչ ավելի պարզ կդառնա:
Լրահոս
Տեսանյութեր
Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ մենք չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները