Շվեյցարիայի նախագահը դեմ է արտահայտվել Ցեղասպանության զոհերի հուշարձանի տեղադրմանը
Շվեյցարիայի նախագահ և արտաքին գործերի նախարար Դիդիե Բուրկհալտերը դեմ էր արտահայտվել ՄԱԿ-ի գրասենյակի մոտ Հայոց Ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձանի տեղադրմանը: Այս մասին հաղորդում է «Ասբարեզ»-ը:
Ինչպես նշվում է, Բուրկհալտերը իր դիրքորոշումը հիմնավորել է «ՄԱԿ և այլ միջազգային կազմակերպությունների հանգիստ ու խաղաղ աշխատանքն ապահովելու անհրաժեշտությամբ, որպեսզի վերջիններս կարողանան աշխատել հնարավորինս լավագույն պայմաններում»:
Շվեյցարիայի նախագահը իր դիրքորոշումը հայտնել էր նամակի միջոցով, որում միաժամանակ նշված էր, որ եթե հայկական կազմակերպությունները այդուհանդերձ պնդելու են արձանի տեղադրման հարցի շուրջ, ապա քաղաքային իշխանությունները կարող են քննարկել այն մեկ այլ տեղում տեղադրելու տարբերակը:
Նկատենք, որ Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան տեղադրելու գաղափարը շրջանառության մեջ է դեռ 2008 թվականից: Նախնական տարբերակով այն պետք է տեղադրվեր Ժնևի Հին քաղաքում, այնուհետև արդեն որոշվել էր տեղադրել ՄԱԿ գրասենյակի մոտակայքում, ինչը, սակայն այս պահի դրությամբ անորոշ է:
Հատկանշական է, որ 8 մետր բարձրություն ունեցող բրոնզե հուշարձանի տեղադրման հարցում մեծ հաստատակամություն են ցուցաբերում Ժնևի քաղաքային իշխանությունները, սակայն եթե կանտոնի իշխանությունների կողմից թույլտվություն չտրվի, ապա տեղական իշխանությունները հարկադրված կլինեն այլ վայր ընտրել:
Հայոց Ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչվել է Շվեյցարիայի խորհրդարանի ստորին պալատի կողմից: Սենատը և կառավարությունը այս հարցով դեռ պաշտոնական որոշում չեն կայացրել: Միաժամանակ հավելենք, որ Շվեյցարիան պատկանում է այն երկրների շարքին, որտեղ Հայոց Ցեղասպանության ժխտումը դատապարտելի է քրեորեն: Սույն հոդվածով արդեն իսկ դատական որոշում կա ընդունված Թուրքիայի Աշխատավորական կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեկի գործով: