Եթե փոխարժեքի ճշգրտում տեղի չունենա, ապա ներքին արտադրողները խնդիրների առաջ կկանգնեն. ԱՄՀ ներկայացուցիչ
Ինչպես աշխարհի շատ երկրներում, այնպես էլ տարածաշրջանում դոլարն ամրապնդում է իր դիրքերը: Այս մասին այսօր ԵՊՀ-ում «Այլընտրանք» հետազոտական կազմակերպության նախաձեռնությամբ կազմակերպված քննարկմանն ասաց Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Թերեզա Դաբան Սանչեսը:
Նրա խոսքերով, բնական է, որ այդ ամենը նաև իր ազդեցությունն է ունենում Հայաստանի տնտեսության վրա: Դրան գումարվում է նաև երկու հիմնական ազդեցություն, որ գալիս է Ռուսաստանից: Առաջինը վերաբերում է Ռուսաստանից եկող տրանսֆերտներին. արտագնա աշխատանքի մեկնածների կողմից ուղարկվող գումարները սկսել եմ նվազել, բացի այդ, ՌԴ-ի տնտեսական իրավիճակից ելնելով` նվազել են նաև Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանման ծավալները:
Այդուհանդերձ, ինչպես նշեց ԱՄՀ ներկայացուցիչը, այս պահին Հայաստանի տնտեսությունը մի փոքր ավելի արագ է աճում, քան նրա հիմնական առևտրային գործընկեր պետություններինը:
Ինչ վերաբերում է փոխարժեքին, Թ.Սանչեսը նշեց, որ ինչպես ռուբլին է արժեզրկվում դոլարի նկատմամբ, այնպես էլ հայկական ազգային արժույթը զուգահեռ արժեզրկվում է. նույն իրավիճակն է նաև Վրաստանում և զարգացող այլ երկրներում: «Այս գործընթացի միջոցով տնտեսությունը հարմարվում է նոր իրավիճակին, քանի որ դրամի արժեզրկմանը զուգահեռ հայկական ընկերությունները ավելի մրցունակ են դառնում արտահանման տեսանկյունից: Հայաստանին անհրաժեշտ է պահպանել այդ մրցունակությունը, քանի որ նույն ուղղությամբ կարող են շարժվել տարածաշրջանի մյուս երկրները»,- ընդգծեց ԱՄՀ հայաստանյան ներկայացուցչության ղեկավարը:
Բացի այդ, ըստ Թ.Սանչեսի, դրամի արժեզրկման պատճառով կբարձրանան ներմուծված ապրանքների գները, սակայն դա կնպաստի, որպեսզի հայկական ապրանքները սպառվեն: «Հասկանում ենք, որ ներմուծման փոխարինումը տեղական արտադրանքով սահմանափակ է, սակայն եթե փոխարժեքի ճշգրտում տեղի չունենա, ապա ներքին արտադրողները խնդիրների առաջ կկանգնեն»,- ասաց նա` հավելելով, որ այսօր հիմնական ռիսկն այն է, որ այդ ճշգրտումների դեպքում հնարավոր է, որ որոշակի վայրիվերումներ լինեն:
Նախորդող հրապարակում`
Համաշխարհային տնտեսության վերականգնումը շարունակում է անհամաչափ և փխրուն մնալ. ԱՄՀ հայաստանյան ներկայացուցիչ