«Մտավոր այնպիսի տգիտություն են ցուցաբերել, որ մարդ զարմանում է». Դավիթ-Բեկ 201-ի բնակիչների խնդիրը
«Եթե «Ագրո Հոլդինգ Արմենիա» ՍՊԸ-ն բնակիչներին է զիջում 3000 քմ տարածք, բաժանվում ենք խաղաղությամբ, իսկ եթե չեն գնում այդ քայլին՝ բնակիչները հայտարարում են պատերազմ»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց իրավապաշտպան Սամվել Մկրտչյանը՝ ներկայացնելով Երևանի Դավիթ-Բեկ 201 հասցեում գտնվող 15 տների բնակիչների խնդիրը:
Ասուլիսին ներկա փաստաբան Արմինե Հարությունյանն ասաց, որ 2003 թ. կառավարության որոշմամբ Նորքի 7-րդ զանգվածից դեպի գաջի գործարան ընկած հատվածում «Ագրո Հոլդինգ Արմենիա» ընկերությունը սեփականաշնորհել է 1, 5 հեկտար տարածք. «Սակայն դրանով ընկերությունը չի բավարարվում և այն պատճառաբանությամբ, որ իր բիզնես ծրագրերի իրականացման համար տարածքը քիչ է, վարձակալել է 2,6 հեկտար տարածք ևս: 2005 թ. Հողային օրենսգրքի փոփոխությունների արդյունքում առանց որևէ կադաստրային վճարումներ կատարելու (մինչ օրս վճարված չէ 195 միլիոն դրամ) վարձակալած տարածքն ընկերությունը սեփականաշնորհել է»:
Փաստաբանը, նախ շեշտեց այն փաստը, որ ընկերությունն այդ տարածքը ձեռք է բերել քարի վերամշակման գործարան կառուցելու համար, մինչդեռ քարի, մետաղի և այլ հանքանյութերի վերամշակման գործարաններ թույլ է տրվում գործարկել միայն բնակավայրից 2-3 կմ հեռավորության վրա: Այդ տարածքը Նորքի 7-րդ, 8-րդ, 9-րդ հատվածներից մի քանի մետր է հեռու:
Բացի այդ, ըստ նրա, տվյալ հատվածում մինչև 2001 թվականը տարբեր տարիների ընթացքում, սկսած 1970-ական թվականներից, շրջակա շենքերի բնակիչները հողագործությամբ են զբաղվել, ոմանք էլ կառուցել են տներ: 15 տուն այս պահին այդ հատվածում կա:
«Կառուցելու ընթացքում իրենց որևէ մեկը չի ասել, որ այդտեղ չի կարելի տուն կառուցել, նրանց ձեռքը ոչ մեկը չի բռնել»,- ասաց Ա. Հարությունյանը՝ նշելով, որ 2011 թ. եկել են ինչ-որ մարդիկ ու հայտարարել, թե այդ տարածքն իրենցն է, դատարանից դիմումներ են եկել, որ այդ տների բակիչները վտարվում են, տներն էլ ապամոնտաժվում: Այդ տարածքը, երբ տրվել է ընկերությանը, դիտարկվել է որպես ազատ տարածք:
«Դատական քննության ընթացքում դատարանի վերաբերմունքը բնակիչների օրինական կամ ոչ օրինական մուտքին այդ տարածք գնահատվեց որպես անբարեխիղճ: Դատարանը վճիռ կայացրեց ի վնաս քաղաքացիների»,- ասաց փաստաբանը:
Իրավապաշտպան Սամվել Մկրտչյանը նշեց, որ այդ հատվածում մարդիկ սկսել են բնակվել ու զբաղվել այգեգործությամբ, դեռ այն ժամանակ երբ «Ագրո Հոլդինգ Արմենիա» ՍՊԸ-ն ընդհանրապես գոյություն չուներ: Այսինքն, ըստ նրա, Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաները 2003-ին, 2006-ին, 2007-ին, այդ տարածքի հետ կապված գործարքներ իրականացնելիս կարճատեսություն են ունեցել՝ չտեսնելով, որ այդ հատվածում մարդիկ են ապրում:
«Մտավոր այնպիսի տգիտություն են ցուցաբերել, որ մարդ զարմանում է»,- ասաց նա:
Ըստ Ս. Մկրտչյանի, դատարանը չէր կարող բնակիչների շահերը պաշտպանել օրենքի տառով, քանի որ այդ տարածքը նրանց սեփականությունը չէ, թեև 2000 թվականից թաղամասի բոլոր տների բնակիչները պաշտոնապես դիմել են, որ թույլ տան իրենց օրինականացնել այդ հողերը, սակայն այդ ուղղությամբ որևէ քայլ չի կատարվել: Ըստ նրա, Երևանում շատ են նման թաղամասերը, որտեղ տարիների ընթացքում կառուցվել են տներ, սակայն հետագայում սեփականաշնորհվել են. «Ինչո՞ւ Դավիթ-Բեկ 201-ին չի կարելի»:
«Մեղավորը ոչ թե այդ ընկերությունն է, այլ նրանց հող հատկացնողները: Սա գործարքի, պայմանավորվածության արդյունք է: Ով ում թեյն է քաղցրացրել, չեմ կարող ասել»,-ասաց իրավապաշտպանը:
Նրա խոսքով, ինքը հանդիպել է ընկերության ներկայացուցչի հետ, ով ասել է, որ իրենք հակված են հարցի դրական լուծման՝ փոխզիջումների ճանապարհով:
«Որևէ փոխզիջում բնակիչների կողմից չի լինելու: Այն, ինչին բնակիչները տիրապետում են, բնակիչներինն է»,- հայտարարեց իրավապաշտպանը:
Ս. Մկրտչյանն ասաց, որ Երևանի քաղաքապետարանը պաշտոնապես հայտարարել է, որ խնդրը լուծում է ստանալու: Այժմ արդարադատության նախարարության և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներից, նաև ընկերության մասնակիցներից ստեղծվել է աշխատանքային խումբ, քննարկումներ են ընթանում. «Մենք հասնելու ենք նրան, որ բնակիչներից էլ այդ խմբում ներգրավվեն»:
«Այդ հատվածում բնակելի 15 տուն կա, որից միայն 9-ն են մասամբ կամ ամբողջովին հայտնվել այդ ընկերության սեփականաշնորհած հողատարածքում, ընդհանուր առմամբ՝ 3000 քառակուսի մետր: Մենք նույնիսկ խնդրի լուծման բանաձև ենք առաջարկում՝ այդքան տարածքն ընկերությունը զիջում է, մնացած մասում թող շարունակի իր գործունեությունը: Բնակիչները որևէ զիջումների չեն գնալու»,- ասաց իրավապաշտպանը:
Նախորդիվ`
Դավիթ-Բեկի փողոցի բնակիչները մինչև գարուն կարող են ապրել իրենց տներում