Առևտրականները նորից կառավարության շենքի դիմաց են
Այսօր առավոտից ՀՀ կառավարության շենքի դիմաց նորից բողոքի ակցիա են անցկացնում Երևանի տարբեր տոնավաճառողների աշխատողներ: Նշենք, որ քաղաքացիները բողոքում են փետրվարի 1-ից շրջանառության մեջ մտնող «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի դեմ, համաձայն որի` առևտրականները պարտավոր են ապրանքաշրջանառության վերաբերյալ փաստաթղթեր ներկայացնել համապատասխան մարմիններին:
Քիչ առաջ ակցիայի մասնակիցներին մոտեցավ ՀՀ կառավարության նամակների և դիմումների բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանը` առաջարկելով կազմել 10 հոգանոց խումբ և ժամը 13:30-ին հանդիպել վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Սակայն հավաքվածները առաջարկը մերժեցին՝ հայտարարելով, որ իրենց պահանջն է կասեցնել «Շրջանառութան հարկի մասին» օրենքը:
Հիշեցնենք, որ տոնավաճառի աշխատակիցների դժգոհություններից հետո նոյեմբերին ԱԺ նիստում կառավարության ներկայացրած «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի կիրառության անցումային դրույթների գործողության ժամկետը հետաձգվեց մինչև փետրվարի 1-ը: Նոր օրենքով առաջարկվում է փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների համար շրջանառության հարկի դրույքաչափը 3,5 տոկոսից նվազեցնել 1 տոկոս, միաժամանակ, տնտեսվարողները պարտավորվելու են գործունեություն ծավալել հստակ փաստաթղթաշրջանառությամբ:
Բացի այդ, նոր օրենքով՝ փաստաթուղթը չներկայացնելու դեպքում անհատ ձեռներեցներն առաջին ագամ կտուգանվեն 20 հազար դրամով, այնուհետև` շրջանառության հարկի հինգ տոկոս չափով:
Տոնավաճառի աշխատակցիները պահանջում են, որպեսզի աշխատեն այնպես, ինչպես մինչ օրս, այսինքն՝ ոչ թե վճարեն եկամտի 1%-ը, այլ լինի հաստատագրված վճար։
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց