Դոնալդ Թրամփն հայտարարել է ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին
Ամերիկացի մեծահարուստ Դոնալդ Թրամփն հայտարարել է, թե մտադիր է իր թեկնածությունն առաջադրել 2016 թ-ի նախագահական ընտրություններին։ Այս մասին հաղորդում է «Գազետա.ռու» կայքը, վկայակոչելով «The Independent» պարբերականի զրույցը Թրամփի հետ։
«Ես միակ մարդն եմ, ով կկարողանա այդ երկրին վերադարձնել իր երբեմնի հզորությունը։ Սա է այն ամենն, ինչ ես գիտեմ։ Որևէ մեկն ի զորու չէ դա անել», - հայտարարել է Թրամփը։
Կայքը նշում է, թե 2016 թ-ին ԱՄՆ նախագահական ընտրությունների հավանական թեկնածուների ցանկում նշում են Հիլարի Քլինթոնի, Ջեբ Բուշի և Միթ Ռոմնիի անունները։
«Միթ Ռոմնիին չեն ընտրի, քանի որ նրան արդեն տրվել է մեկ հնարավորություն, որը նա բաց թողեց։ Բուշին ևս չեն ընտրի։ Եվս մեկ Բուշի կարիքը չունենք», - ասել է միլիարդատերը։
Թրամփը խոստացել է նախագահ դառնալու դեպքում նոր աշխատատեղեր ստեղծել, հաղթանակ տանել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության նկատմամբ, կրճատել բյուջեի սղաճը, ինչպես նաև կանգնեցնել իրանական միջուկային զենքի մշակումը։
Նշենք, 2008 և 2012 թթ-ի նախագահական ընտրություններից առաջ Դոնալդ Թրամփը ևս հանդես էր եկել դրանց մասնակցելու հայտարարություններով, սակայն երկու դեպքում էլ չէր առաջադրել իր թեկնածությունը։