ԻԼԻՊ-ի նախկին անդամ. Խմբավորումը լիակատար համագործակցում է Թուրքիայի հետ
«Իրաքի և Լևանտի իսլամական պետության» նախկին անդամը հայտարարել է, որ Թուրքիայի զինվորական հրամանատարությունը թույլ է տալիս խմբավորման անդամներին ճամփորդել Թուրքիայի տարածքով` ամրապնդելու քրդերի դեմ իրենց ուժերը: Այս մասին Newsweek պարբերականին փոխանցել է նախկին գրոհայինը, ով կարողացել է փախչել խմբավորումից և չի ցանկանում բացահայտել իր անունը:
Հարցազրույցի ժամանակ նա հանդես է եկել «Շերկո Օմեր» կեղծանունով:
«ԻԼԻՊ-ի հրամանատարությունը մեզ ասել էր ոչնչից չվախենալ, քանի որ լիակատար համագործակցում են թուրքերի հետ: Նրանք մեզ վստահեցնում էին, որ ոչինչ չի պատահելու»,-ասել Օմերը` ավելացնելով, որ Թուրքիային ԻԼԻՊ-ը դաշնակից էր դիտում քրդերի դեմ պայքարում:
«ԻԼԻՊ-ը թուրքական բանակին որպես իր դաշնակից էր տեսնում, երբ հարձակվում էր Սիրիայի քրդերի վրա: Քրդերը միասնական թշնամի են և Թուրքիայի, և ԻԼԻՊ-ի համար: Բացի այդ, ԻԼԻՊ-ը պարտավոր էր լինել Թուրքիայի միակ դաշնակից, քանի որ միայն Թուրքիայով էին կարող գրոհայինները մտնել Սիրիայի քրդական գյուղեր և քաղաքներ»,-ընդգծել է նախկին զինյալը, ում հայրը հաջողակ գործարար էր Իրաքյան Քրդստանից:
Նա Սիրիա էր մեկնել` միանալու Սիրիայի ազատ բանակին, որը կռվում էր կառավարական բանակի դեմ: Որոշ ժամանակ անց նա միացել է ԻԼԻՊ-ին: Ռաքքայում աշխատում էր որպես կապի տեխնիկ:
«Ես կապ էի հաստատում Սիրիայում գտնվող ԻԼԻՊ-ի դաշտային հրամանատարների և Թուրքիայում գտնվող անձնանց հետ: Հազվադեպ էի լսում, որ նրանք արաբերեն խոսեին, միայն այն ժամանակ, երբ խոսում էին իրենց ենթակաների հետ: Մեծամասամբ նրանք թուրքերենով էին շփվում, քանի որ այն մարդկանց հետ, ում հետ խոսում էին, թուրք պաշտոնյաներ էին»,-ավելացրել է Օմերը: