Հայաստանում Քաթարի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենն է հանձնել ԱԳ նախարարին
Այսօր Հայաստանում Քաթարի նորանշանակ դեսպան Ալի Բին Համադ Ալ Սուլայթին իր հավատարմագրերի պատճենն է հանձնել արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախարար Նալբանդյանը հաջողություն է մաղթել դեսպան Ալի Բին Համադ Ալ Սուլայթիին՝ իր առաքելության իրականացման գործում, և հույս է հայտնել, որ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի երկկողմ հարաբերությունների խորացմանը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Ալի Բին Համադ Ալ Սուլայթին նշել է, որ Քաթարը կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունների կայուն զարգացումը, և վստահեցրել, որ կներդնի բոլոր ջանքերը՝ երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում:
Երկուստեք շեշտվել է, որ երկկողմ համագործակցության զարգացման համար առկա է էական ներուժ: Այս համատեքստում անդրադարձ է արվել փետրվարի 7-ին՝ Մյունխենում, Հայաստանի և Քաթարի ԱԳ նախարարների հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը: Երկուստեք կարևորվել է Երևան - Դոհա օդային հաղորդակցության հաստատումը, որն, ըստ կողմերի, կնպաստի գործարար կապերի, զբոսաշրջության զարգացմանը: Քննարկվել են իրավապայմանագրային դաշտի ձևավորման, միջկառավարական հանձնաժողովի նիստի անցկացման, արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական խորհրդատվությունների անցկացման հետ կապված հարցեր:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրների, մասնավորապես՝ Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի շուրջ:
Նախարար Նալբանդյանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը:
Դեսպան Ալ Սուլայթը Էդվարդ Նալբանդյանին փոխանցել է Քաթարի ԱԳ նախարար Խալիդ բին Մոհամեդ Ալ Աթիյահի՝ Դոհա այցելելու հրավերը։