Հովիկ Աբրահամյանը մինչև ուշ գիշեր զբաղվում է իր գործով, բիզնեսով չի զբաղվում. Գալուստ Սահակյան
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով վարչապետ Հովիկ Աբրահամյանի երեկվա հայտարարությանը, թե ինքը բիզնես չունի և որևէ բինզեսի հետ սերտաճած չէ, նշեց, որ բիզնես ունենալն այլ խնդիր է, բիզնեսով զբաղվելը՝ այլ:
«Հովիկ Աբրահամյանը մինչև ուշ գիշեր զբաղվում է իր գործով, բիզնեսով չի զբաղվում»,- ասաց Գ.Սահակյանը:
Հարցին, թե նորմա՞լ է, որ Հովիկ Աբրահամյանի ընտանիքը կարող է ունենալ բիզնեսներ ու անարգել զբաղվե՞լ դրանով, Գալուստ Սահակյանը պատասխանեց՝ իհարկե, օրենքի պահանջը դա է: Հարցին, թե նույնը կարելի՞ է ասել ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի մասին, ով հայտնի է իր բիզնեսներով, Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ Նաղդալյանը չի կարող զբաղվել բիզնեսով:
Արձագանքելով հարցին, թե իսկ ինչով պետք է զբաղվի ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ԱԺ նախագահը նշեց. «Ես լավ եմ զգում, երբ մարդիկ զբաղվում են բիզնեսով, սակայն պետական պաշտոնյան չպետք է զբաղվի: Գագիկ Ծառուկյանը կարող է զբաղվել թե քաղաքականությամբ, թե բիզնեսով, բայց վերջում պետք է տարանջատի և որոշի, թե ինչով է զբաղվելու»:
Գ. Սահակյանի խոսքերով` Հայաստանին ավելի անհրաժեշտ է բիզնեսը, քան քաղաքական գործունեությունը: Ըստ նրա՝ քաղաքական գործունեությամբ պետք է զբաղվեն պրոֆեսիոնալները, որոնք տարիներ շարունակ անցել են փորձությունների ճանապարհով, ունեցել են կտտանքներ, վերելքներ և վայրէջքներ:
Հարցին, թե Հայաստանում քաղաքականությամբ բոլոր զբաղվողնե՞րն են պրոֆեսիոնալ, նա պատասխանեց, որ հիմա զբաղվում են, հետո կդառնան քաղաքական գործիչ: Նա ասաց, որ ժողովուրդը կարող է գնահատական տալ, թե ովքեր են պրոֆեսիոնալ քաղաքական գործիչներ:
«Օրինակ, 2000 թվականին ինձ ասել են քաղաքական գործիչ, բայց ես ինձ չեմ համարել, այլ 2005-2006-ից հետո ինձ համարեցի քաղաքական գործիչ, որովհետև դա գործիչների տրադիցիոն շարունակությունն էր»,- նշեց նա:
Արձագանքելով լրագրողներից մեկի հարցին, թե Գագիկ Ծառուկյա՞նն է լավ քաղաքական գործիչ, թե Առաքել Մովսիսյանը, Գ.Սահակյանը պատասխանեց, որ երկուսին էլ դրական է բնութագրում:
«Մինչև հիմա Առաքել Մովսիսյանի վրա կան հաղթանակի արյան բծեր, իսկ Ծառուկյանին էլ կարելի է խրախուսել, որ լուրջ հաջողություններ բերեց տնտեսական գործընթացներին»,- ասաց նա: