Զուրաբ Աբաշիձե. Ռուսական կողմն առանձնակի հետաքրքրություն չի ցուցաբերում աբխազական երկաթուղու նկատմամբ
Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն հայտարարել է, թե չի նկատում Վրաստանի և Ռուսաստանի միջև Աբխազիայի տարածքով երկաթուղու վերագործարկման հարցում ռուսական կողմի առանձնակի հետաքրքրությունը։ Ինչպես տեղեկացնում է «apsny.ge» կայքը, այս մասին Աբաշիձեն ասել է «Ռուսթավի 2» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
Հաղորդագրության համաձայն, Վրաստանի և Ռուսաստանի պատվիրակությունների միջև բանակցությունների վերջին փուլը կայացել է նախորդ շաբաթ Պրահայում։ Բանակցությունների հիմնական թեման է եղել երկու երկրների միջև առևտրաշրջանառության և մաքսային վարչարարության վերահսկողության մեխանիզմների հիմնական սկզբունքների մասին համաձայնագրի իրականացումը։
«Հանդիպման ավարտին ես հայտարարեցի, որ չի եղել երկաթուղու վերականգնման որևէ կոնկրետ քննարկում։ Ճիշտն ասած, ես չեմ տեսնում նրանց առանձնակի հետաքրքրությունն այն հարցի նկատմամբ, սակայն կրկնում եմ, որևէ առարկայական ու կոնկրետ քննարկում չի եղել», - ասել է Աբաշիձեն։