Կատարվել է Տ. Գրիգորիս արքեպիսկոպոս Բունիաթյանի հուղարկավորության արարողությունը
Այսօր Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանական գերեզմանատանը տեղի ունեցավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան, Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգորիս արքեպիսկոպոս Բունիաթյանի հուղարկավորության արարողությունը: Այս մասին հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը:
Հրաժեշտի համար հանգուցյալ Գրիգորիս Սրբազանի աճյունը դրվել է Ս. Գայանե վանքում, ուր և կատարվել է Եկեղեցու կարգը` նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի: Արարողության ավարտին Վեհափառ Հայրապետն իր ցավակցական խոսքն է բերել Մայր Աթոռ Ս. Էջմիածնի ողջ միաբանությանը, հանգուցյալ Սրբազանի հարազատներին ու մտերիմներին և ներկա հավատավոր ժողովրդին:
«Մենք համախմբվել ենք այստեղ վերջին անգամ մեր սերը, հարգանքը և աղոթքը բերելու իրեն և ուղեկցելու դեպի երկնային լուսեղեն բարձունքներ և օթևաններ», - ասաց Նորին Սրբությունը:
Մասնավորապես անդրադառնալով բարեհիշատակ Գրիգորիս Սրբազանի մարդկային կերպարին և նվիրյալ ծառայությանը` Հայոց Հովվապետը նշեց. «Գրիգորիս սրբազանին ճանաչում ենք ուսանողական տարիներից: …Մարդամոտ էր, ընկերասեր և անմիջական իր փոխհարաբերություններում: Այդ տարիներից ճանաչեցինք իրեն որպես եկեղեցասեր, հայրենասեր, բարի հոգու տեր մի անձնավորության, և հետագա տարիներին նա եկեղեցական ասպարեզում այդ բոլոր աստվածաշնորհ հատկանիշները լավագույնս դրսևորեց` շահելով մարդկանց սրտերն ու հոգիները, վայելելով հարգանքը հավատավոր մեր զավակների: Գրիգորիս Սրբազանն օրինակելի էր էջմիածնասիրության իր նախանձախնդրության մեջ: Նա հովվական և առաջնորդական իր կյանքն ապրեց երջանկության մեջ, քանի որ գիտեր, որ իր ազգին և Եկեղեցուն ծառայելու ճշմարիտ ուղի է ընտրել ու ամբողջովին նվիրվեց այդ ծառայությանը: Ծառայեց ինչպես Հայրենիքում, այնպես և Սփյուռքում, ամեն տեղ արժանացավ իր հավատացյալների սիրուն և հարգանքին:
…Մենք ցավ ենք ապրում կորստով մեր սիրելի Սրբազանի: Նա` որպես եկեղեցու սպասավոր և որպես Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ, դեռ անելիքներ ուներ: Ուկրաինայում իրականացվելիք ծրագրեր էր ձեռնարկել, նախաձեռնել էր Կիև քաղաքում եկեղեցու կառուցումը և խանդավառ կերպով ապրում էր այդ ծրագրով: Անհոգնաբեկ ջանքեր էր ի գործ դնում, որպեսզի շենանա ու պայծառանա Ուրաինայի հայոց թեմը: Երկրի համար դժվարին ժամանակներում անգամ նա ամենուրեք էր` իր համայնքներում ու ծուխերում` գոտեպնդելու իր հավատավոր ժողովրդին այս ծանր վիճակում»:
Խոսքի ավարտին Նորին Սրբությունը մաղթել է, որ հանգուցյալ Սրբազանի հոգին երկնային օթևաններում շարունակի ցնծալ ու բերկրալ` տեսնելով իր հոգևոր եղբայրների ծառայագործության նվիրական առաքելության մեջ արձանագրվող ձեռքբերումները:
Այնուհետև սգո թափորը շարժվել է դեպի Մայր Աթոռի միաբանական գերեզմանատուն, ուր նախագահությամբ Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանի կատարվեց հանգուցյալ Սրբազանի թաղման կարգը:
Հուղարկավորությանը մասնակցել են Հայ Առաքելական Եկեղեցու թեմակալ առաջնորդներ և Մայր Աթոռի միաբաններ, Շիրակի և Արմավիրի մարզային և քաղաքային իշխանությունների, ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանատան ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ, Ուկրաինայի հայոց թեմի համայնքների պատասխանատուներ:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը