Լուսիկ Ագուլեցի. Քրիստոնեությունն ունի իր, ժողովրդական մշակույթն՝ իր գաղափարները
«Զատիկը մեր ամենալուսավոր, գեղեցիկ տոներից է: Նշում ենք հաճույքով, ուրախությամբ: Զատիկի հիմքում ազատություն բառն է, այսինքն՝ պետք է ազատագրվենք տագնապներից, անհնազանդություններից, ինքնամաքրվենք»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Կարինե Աճեմյանը:
Նա նշեց, որ կյանքում լուսավորը քիչ է, ուստի պետք է ամեն ինչ անել, որպեսզի կյանքը դարձնել գեղեցիկ, լինել լավատես. «Տոնն իսկական տոնի է վերածում կինը: Այո, եթե տղամարդը տնկում է ծառը, կինը զարդարում է այն: Կինն է ավելի շատ մթնոլորտ փոխողը»:
Նկարչուհի, ազգագրագետ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Լուսիկ Ագուլեցին իր խոսքում նշեց, որ Հարության տոնը հայ ժողովրդի սիրած տոներից է:
«Մենք սիրով ենք պատրաստվում այս տոնին, ստեղծագործում ենք: Զատիկը՝ բնության զարթոնքն է: Նախաքրիստոնեական շրջանից կա: Քրիստոնեության ընդունումից հետո Հարության տոնը սկսվեց նշվել: Զատիկն ու Հարությունը մի տոն դարձավ, սիրով պահպանվեց այդ հզոր ու գեղեցիկ մշակույթը»,- նշեց նա՝ հավելելով, որ քրիստոնեությունն ունի իր գաղափարը, ժողովուրդը, ժողովրդական մշակույթը՝ իր գաղափարները:
Լուսիկ Ագուլեցին ընդգծեց, որ տոնը պետք է հայեցի նշել՝ հետևելով մեր ժողովրդական մշակույթին: