ԵԽԽՎ նախագահ. Երկխոսությունը խնդրի լուծման միակ ճանապարհն է
Այսօր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի մեկնարկից առաջ ԵԽԽՎ նախագահ Անն Բրասյորը հանդես է եկել մամուլի ասուլիսով։ Նա անդրադարձել է նախօրեին Միջերկրական ծովում տեղի ունեցած ողբերգությանը, երբ 700 միգրանտներ տեղափոխող նավը խորտակվել էր։ Անն Բրասյորն ընդգծել է, որ այս խնդրի հետ կապված անդամ երկրները պետք է հրատապ քայլեր ձեռնարկեն։
Ինչպես հայտնում է Ստրասբուրգում Panorama.am-ի թղթակիցը, ներկայացնելով օրակարգը՝ ԵԽԽՎ նախագահը տեղեկացրել է, որ օրակարգում ընդգրկված հարցը, որով պետք է քննարկվեր Ռուսաստանի Դաշնության պատվիրակության նկատմամբ պատժամիջոցների վերանայման հարցը, չի կայանա, քանի որ մոնիտորինգի հանձնաժողովը որևէ առաջընթաց չի գրանցել։
Ադրբեջանցի լրագրողը բարձրացրել է Լեռնային Ղարաբաղից «մոտ 1մլն ադրբեջանցի փախստականների մասին»՝ ասելով, թե ԵԽԽՎ նախագահը համերաշխություն է հայտնում փախստականների նկատմամբ և ասում, որ բոլորս պատասխանատու ենք փախստականների համար և այս առումով նշել է Հայաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը։
Ի պատասխան Բրասյորն ասել է, որ բոլոր երկրներում ագրեսիան անընդունելի է։ Մենք պետք է դատապարտենք բոլոր այդ գործողությունները։
«Ինչ վերաբերում է պատժամիջոցներին, որոշ դեպքերում պատժամիջոցներն անհրաժեշտ են, սակայն կարևոր է երկխոսությունը՝ խնդիրների լուծումը գտնելու համար։ Մենք պետք է խոսենք միմյանց հետ։ Ես իմ տարբեր այցելությունների ժամանակ փորձել եմ ստեղծել այս երկխոսությունը և հաշտեցումը։ Գիտեմ, դժվար է և բարդ, սակայն երկխոսությունը միակ լուծումն է, քանի որ մարդիկ են տառապում և մենք՝ Եվրոպայի խորհուրդը, պետք է պաշտպանենք ԵԽ անդամ երկրներում ապրող յուրաքանչյուր քաղաքացու՝ առանց խտրականության։ Քաղաքական գործիչները պետք է գտնեն լուծումը՝ առանց բռնության»,-ասել է ԵԽԽՎ նախագահ Անն Բրասյորը։