Ստեփանակերտում հարգել են Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը (լուսանկարներ)
Այսօր վաղ առավոտից հազարավոր քաղաքացիներ Ստեփանակերի հուշահամալիրում իրենց հարգանքի տուրքն են մատուցել 100 տարի առաջ Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված ոճրագործության անմեղ զոհերի հիշատակին:
«Արցախպրես»-ի հաղորդմամբ, առավոտյան հուշահամալիր են այցելել նաև ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պետական այրեր և հյուրեր, ովքեր ծաղիկներ ու ծաղկեպսակներ են խոնարհել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված նորակառույց զանգակատուն-հուշակոթողին:
Ի հիշատակ Ցեղասպանության անմեղ զոհերի, Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հանդիսապետությամբ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված զանգակատուն-հուշակոթողի մոտ տեղի է ունեցել նաև ոգեկոչման և հոգեհանգստյան արարողություն:
Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ են անցկացվել նաև Արցախի բոլոր շրջաններում: