«Ես հպարտ եմ ՆԻԼԻ ընդհատակյա կազմակերպության անդամի համար, ով փրկել է բազմաթիվ հայերի»
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին Իսրայելի տարբեր քաղաքներում` հիմնականում Երուսաղեմում, տեղի են ունեցել այդ սարսափելի իրադարձությանը նվիրված միջոցառումներ: Այս մասին հայտնում է Իսրայելում «Նոյյան Տապան» մշակույթի և կրթության հայկական կենտրոնի մամուլի քարտուղար Մենդել Կորսունսկին:
«Ապրիլի 23-ին` տեղի ժամանակով 18:15-ին, Երուսաղեմի բոլոր եկեղեցիների զանգերը, ի հիշատակ 20-րդ դարի առաջին ցեղասպանության անմեղ զոհերի, ղողանջել են 100 անգամ, որից հետո Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց մեկնարկել է ջահերով երթը և ավարտվել Հայոց ցեղասպանության հուշարձանի մոտ:
Ապրիլի 24-ի առավոտյան Սուրբ Հակոբ եկեղեցում պատարագ է մատուցվել, որից հետո Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի մոտ դրվել են ծաղկեպսակներ: Այնուհետ հատուկ արարողություն է տեղի ունեցել Երուսաղեմի պատրիարքության կենտրոնական սրահում, որին ներկա էին եկեղեցու ներկայացուցիչներ, Երուսաղեմի պատրիարք Լուսարարապետ Նուրհան արք. Մանուկյանը, Կնեսեթի անդամներ, Մերեց կուսակցության նախագահ Զեհավա Գալոնը, պաղեստինյան պատվիրակության ներկայացուցիչներ և իսրայելցի ակադեմիկոս, 1992-1996 թվականների Իսրայելի Ներգաղթի նախարար Յաիր Ցաբանը, ով արդեն 25 տարի պայքարում է Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու համար:
Ցաբանը իր ելույթում նշել է, որ թեև հպարտ է իր ազգի համար, սակայն միաժամանակ ամոթի զգացում ունի, ամաչում է հայերից
«Ես հպարտ եմ ՆԻԼԻ ընդհատակյա կազմակերպության անդամ Սառա Ահարոնսոնի համար, ով փրկել է բազմաթիվ հայերի, Հենրի Մորգենթաուի, ով միջազգային հանրության ուշադրությունն առաջինը հրավիրեց հայ ժողովրդի տառապանքների վրա, հպարտ եմ Ֆրանց Վերֆելի համար, ով կարողացավ նկարագրել օսմացիների ողջ դաժանությունը և իր էջերում նկարագրել հայ ժողովրդի իրական ոգին: Հպարտ եմ իմ ազգի բազմաթիվ այլ ներկայացուցիչների համար, ովքեր երես չթեքեցին հայերի ցավից: Սակայն ամոթի ու ցավի մեծ զգացում ունեմ իմ կառավարության համար, որը մինչ այսօր պատրաստ չէ ընդունել ճշմարտությունը և մաքրվել` ելնելով սեփական շահերից: Չի կարելի անցնել բարոյականության սահմանը, ինչքան էլ ծանրակշիռ լինեն պատճառները»,-ասել է նախկին նախարարը:
Միջոցառման ավարտից հետո մասնակիցները երթով շարժվել են դեպի Թուրքիայի հյուպատոսարան, որտեղ նրանց են միացել բազմաթիվ մարդիկ, ովքեր Երուսաղեմ էին եկել Թել Ավիվում Թուրքիայի դեսպանության մոտ անցկացրած ցույցից հետո:
Այս տարի Երուսաղեմում ներկա էին մեծ թվով օտարերկրացի լրագրողներ, դեպքերը լուսաբանել է նաև թուրքական TRT ալիքը:
Երթից հետո մասնակիցները գնացել են դեպի Փրկչական գերեզման և միասին աղոթել` ոգեկոչելով Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
Ապրլի 26-ին Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլին հանդիպել է հայկական պատվիրակության հետ:
Իսրայելի պատվիրակությունը, ցավոք, Ծիծեռնակաբերդում Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողությանը մասնակցել է Կնեսեթի մակարդակով: 2015 թվականի ընթացքում նախատեսվում են բազմաթիվ ակցիաներ և միջոցառումներ, որոնք թույլ կտան իսրայելցիների շրջանում բարձրացնել այդ սարսափելի ողբերգության մասին իրազեկվածությունը»: