Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորներին
Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավորներ Ֆոլկմար Վոգելին և Մանֆրեդ Գրունդին:
Մայր աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ ընդգծելով հայ ժողովրդի համար նվիրական այս օրերին Բունդեսթագի ներկայացուցիչների Հայաստան կատարած այցի կարևորությունը` Նորին Սրբությունը շնորհակալություն հայտնել է հայ ժողովրդի կողքին լինելու, ինչպես նաև Հայոց Ցեղասպանության ճանաչման և դատապարտման ուղղությամբ Բունդեսթագում տարվող աշխատանքների համար:
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծել է, որ Գերմանիայի կողմից Հոլոքոստի նկատմամբ որդեգրած կեցվածքը կարող է օրինակ հանդիսանալ Թուրքիայի ներկայիս իշխանությունների և ցեղասպան այլ պետությունների համար:
Բունդեսթագի պատգամավորներն իրենց հերթին խոսել են Հայոց Ցեղասպանության դատապարտման կարևորության մասին:
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայոց Ցեղասպանության զոհերի սրբադասման արարողությանը: