Վրաստանում ռուս բայքերների դեմ քրեական գործ է հարուցվել
Վրաստանի ոստիկանությունը ուսումնասիրում է միջադեպը, որը տեղի է ունեցել ռուս բայքերների և Վրաստանի քաղաքացու միջև: Այս մասին գրում է Ռիա Նովոստին:
«Վրաստանի քաղաքացի Ինգա Արախամիան Սղնախ քաղաքում կոչ է արել ռուս բայքերներին մոտոցիկլետներից հանել գեորգիևյան ժապավենները` բացատրելով, թե դրանք վիրավորում են վրացիների հայրենասիրական զգացումները»,- նշված է հրապարակման մեջ:
Բայքերները հրաժարվել են հանել ժապավենները. ինչից հետո վրացուհին փորձել է դրանք պատռել: Մոտոցիկլիստները խնդրել են կնոջը մի կողմ գնալ և ժապավեններին ձեռք չտալ, բայց դրանցից մեկն, այնուամենայնիվ, հայտնվել է կնոջ ձեռքում: Մոտոցիկլիստներից մեկը փորձել է վերցնել ժապավենը: Կինը դիմադրել է, արդյունքում հեռախոսն ընկել է գետնին:
Ինգա Արախամիան նրանց դեմ բողոք է ներկայացրել: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ 187 հոդվածով՝ մեկ այլ անձի սեփականությանը դիտավորյալ վնաս հասցնել: