ԶՈՒ ապագա սպաներն ունեն իրենց հաստատագրված ծառայության և աշխատանքային տեղերը. Սեյրան Օհանյան
«Մեր ապագան հուսալի ձեռքերում է»,-ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում «Վերջին զանգի» հանդիսավոր արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
«Մեկընդմերթ իմ սերնդակիցները հարց են տալիս, թե որքանով է այսօրվա մատաղ սերունդը պատրաստ մեր հայրենիքի պաշտպանությանը և մեր հայրենիքի զարգացումն ապահովելուն: Միշտ վստահաբար ասում եմ, նրանք այդ զարգացումն ավելի լավ են ապահովելու և ավելի լավ են պաշտպանելու հայրենիքը, քան մեր սերունդը: Միայն այսօր պետք է միասնաբար, հետևողական կերպով զօր ու գիշեր չարչարվենք և նրանց դաստիարակության, կրթության մակարդակը ավելի բարձր հիմքերի վրա դնենք»,-ասաց նախարարը:
Նա նկատեց, որ այսօր ռազմական ուսումնական հաստատություններն ինտեգրվել են ընդհանուր կրթական համակարգում և տարեցտարի առաջընթաց է նկատվում:
«Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաները ոչ միայն մեր հայրենիքում, այլև միջազգային ասպարեզում միշտ հաջողություններ են ունենում և 2015 թվականին նրանք վաստակել են «Հաղթանակի ժառանգներ» խորագրի ներքո անցկացվող ռազմահայրենասիրական միջոցառումները մեզ մոտ անցկացնելը»,-ասաց Օհանյանը:
Անդրադառնալով ՊՆ-ում կոռուպցիայի, կաշառակերության դեմ պայքարի ընթացքին, նախարարն ասաց, որ այն այսօր իրականացվում է ծրագրային առումով. «Բարեվարքության ամրապնդման և կոռուպցիայի դեմ պայքարի ծրագիր է մշակվել: ՊՆ-ն այսօր ապացուցել է, որ անընդհատ զարգացող կառույց է և հենվելով դրականի վրա՝ առաջընթաց է ապահովում»:
Նախարարը նաև ավելացրեց, որ շրջանավարտների մեծ մասը համալրելու են ռազմական ուսումնական հաստատությունները և մոտ ապագայում դառնալու են ԶՈՒ սպաներ: Նրանք ունեն իրենց հաստատագրված ծառայության և աշխատանքային տեղերը:
Նախորդող հրապարակումներ՝
Վերջին զանգը՝ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում (տեսանյութ, լուսանկարներ)
«Անելու ենք ամեն ինչ, որպեսզի հարցն արդար ավարտին հասնի». Պնախարարը՝ Հայկազ Բարսեղյանի մահվան մասին
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան