«Ռոստելեկոմն» ամփոփել է հայաստանյան լրագրողների շրջանում անցկացված մրցույթի արդյունքները
Այսօր «Ռոստելեկոմի»՝ Երևանի կենտրոնում տեղակայված գրասենյակում ամփոփվել են լրագրողների շրջանում անցկացված՝ «Տեխնոլոգիաներ կյանքի համար-Ինտերնետ լույսի արագությամբ» խորագիրը կրող մրցույթի արդյունքները։ Հաղթող է ճանաչվել հեռուստալրագրող Հայկուհի Ասատրյանը։
«Ռոստելեկոմի» հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ մրցույթը ռուսաստանյան լրագրողների շրջանում շուրջ չորս տարվա պատմություն ունի, և հայաստանյան լրագրողների մասնակցությունը մրցույթին հաղորդել է միջազգային կարգավիճակ։ Հայաստանում այն մեկնարկել էր 2014թ․ դեկտեմբերին։
Միջոցառման ընթացքում ամփոփելով արդյունքները՝ «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանն ընդգծել է ՏՏ ոլորտի մասին հանրությանն իրազեկման կարևորությունն ու պրոֆեսիոնալիզմի բարձր մակարդակը, որ դրսևորում են հայաստանյան լրագրողներն այս հարցում։
Գլխավոր տնօրենը մրցանակներ և պատվոգրեր է հանձնել բոլոր մասնակիցներին՝ շնորհակալություն հայտնելով ակտիվ մասնակցության համար։
Հաղթողը հունիսին կայցելի Մոսկվա համառուսաստանյան մրցույթի մյուս մասնակիցների հետ միասին, որտեղ կհայտարարվեն նաև աշնանը Չինաստան մեկնող ռուսաստանյան լրագրողների անունները։
Աշնանը հաղթող լրագրողների պատվիրակությունը կայցելի Չինաստանի Շենչժեն քաղաքում Huawei ընկերության գլխամաս։