Փոխնախարարը պարզաբանում է, թե երբ կմեկնարկեն ԵՄ-ի հետ ստորագրվելիք փաստաթղթի շուրջ բանակցությունները
Կա մի ընդհանուր ընկալում, որ ԵՄ-ի հետ Հայաստանի նոր ստորագրվելիք փաստաթղթում պետք է հնարավորինս ներառվեն այն համաձայնությունները, ոլորտների հետ կապված մոտեցումները, ընդհանուր պայմանավորվածությունները, որոնք ներառված էին Ասոցացման ու Խոր և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրերում: Լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց Էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը:
«Ես նշում եմ հնարավորինս, քանի որ բոլորս գիտենք ԵԱՏՄ անդամակցությամբ պայմանավորված՝ մենք ունենք ստանձնած որոշակի պարտավորվածություններ, որոնք ոչ բոլոր հարցերն են հնարավոր դարձնում վերցնել նախկինում բանակցված փաստաթղթերից»,-ասաց նախարարի առաջին տեղակալը:
Փոխնախարարի խոսքով, փաստաթղթի վերաբերյալ քննարկումները եղել են մտքերի փոխանակում ձևաչափով, բանակցություններ չեն եղել. «Որովհետև մենք որևէ փաստաթուղթ չենք բանակցում, մտքերի փոխանակման նպատական այն է, որ ընդհանուր ընկալում ձևավորվի՝ ինչն է հնարավոր ներառել փաստաթղթում, ինչը՝ ոչ: Քննարկումը եղել է բավականին արդյունավետ: Դրա հիման վրա Եվրոպական հանձնաժողովը պատրաստեց համապատասխան բանակցային մանդատի հարցում ԵՄ համապատասխան կառույցներին, ներկայումս ընթացակարգային առումով կա որոշակի զարգացում: Մոտ ապագայում, երբ մանդատը կստացվի, արդեն կկարողանանք մեկնարկել նոր փաստաթղթի շուրջ բանակցությունները»:
Նախարարի տեղակալի խոսքով, այս պահին բանակցությունների մեկնարկի ժամկետների մասին հստակ տվյալներ չկան, սակայն խոսքը վերաբերում է 1-2 ամսվան: