ՀՀ և Սերբիայի արտգործնախարարները քննարկել են առևտրատնտեսական, մշակութային ոլորտների հետ կապված հարցեր
Այսօր Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի առաջին փոխվարչապետ և արտգործնախարար Իվիցա Դաչիչին։
Հանդիպումը մեկնարկել է երկկողմ ձևաչափով, որի ընթացքում քննարկվել են հայ-սերբական օրակարգի հարցերը։
Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը կարևորել է երկկողմ և բազմակողմ ձևաչափով հաճախակի հանդիպումները, որոնք միջպետական հարաբերություններում բարձր մակարդակի խոսուն վկայությունն են։ Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության և հյուրընկալության համար՝ նախարար Դաչիչը նշել է, որ Հայաստանը և Սերբիան եղբայրական պետություններ են, և կարևորել է երկկողմ հարաբերությունների հետագա ընդլայնումն ու ամրապնդումը։
Երկուստեք կարևորվել է Հայաստանին և Սերբիային կապող դարավոր բարեկամությունը։
Հայաստանի արտգործնախարարը նշել է, որ այդ բարեկամության գործնական դրսևորումը Սերբիայի Նախագահ Տոմիսլավ Նիկոլիչի մասնակցությունն էր Երևանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին:
Նախարարները քննարկել են երկկողմ համագործակցության զարգացման և ընդլայնման նպատակով ձեռնարկվելիք քայլերը։ Գոհունակությամբ արձանագրվել է, որ գործնական քայլեր են ձեռնարկվում պայմանավորվածությունների իրականացման համար։ Անդրադարձ է արվել Երևանում և Բելգրադում դիվանագիտական ներկայացուցչությունների հիմնադրման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման ուղղությամբ տարվող աշխատանքներին։
Հանդիպմանը քննարկվել են առևտրատնտեսական, մշակութային, միջխորհրդարանական կապերի ակտիվացման հետ կապված հարցեր։
Երկկողմ ձևաչափով հանդիպումից հետո Հայաստանի և Սերբիայի արտգործնախարարները ստորագրել են երկու երկրների ԱԳՆ-ների միջև փոխգործակցության մասին հուշագիր, որով նախատեսվում է պարբերական քաղաքական խորհրդակցությունների անցկացում:
Այնուհետև տեղի է ունեցել ԵԱՀԿ ձևաչափով հանդիպումը՝ ԵԱՀԿ քարտուղարության և սերբական նախագահության ներկայացուցիչների մասնակցությամբ։
Հայաստանի արտգործնախարարի և ԵԱՀԿ գործող նախագահի բանակցություններին քննարկվել են կազմակերպության օրակարգային հարցերը։ Էդվարդ Նալբանդյանը վերահաստատել է Հայաստանի աջակցությունը ԵԱՀԿ-ում սերբական առաջնայնությունների իրականացմանը:
Իվիցա Դաչիչը բարձր է գնահատել Հայաստանի իշխանությունների և ԵԱՀԿ տարբեր կառույցների, այդ թվում՝ կազմակերպության երևանյան գրասենյակի միջև հաստատված արդյունավետ համագործակցությունը։
Քննարկվել են ԵԱՀԿ տարածաշրջանի հրատապ խնդիրները։ Անդրադարձ արվեց ուկրաինական ճգնաժամին, դրա հանգուցալուծմանն ուղղված ԵԱՀԿ քայլերին, շեշտվել է Մինսկի պայմանավորվածությունների իրագործման անհրաժեշտությունը։
Զրուցակիցները քննարկել են Բելգրադում տարվա վերջին կայանալիք ԵԱՀԿ նախարարական խորհրդի նախապատրաստական աշխատանքները։
Հանգամանալից քննարկվել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը, այդ ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը։ Իվիցա Դաչիչը վերահաստատել է սերբական նախագահության անվերապահ աջակցությունը Մինսկի խմբի համանախագահներին։
Նախորդող հրապարակումներ՝
Նախարար Նալբանդյանի այցելությունը Սիրիա «վիտամին է» եղել սիրիահայերի համար
Ի՞նչ կարող է պատահել Հալեպում
«Հայաստանը ցանկանում է, որ Սիրիան շուտ հաղթահարի դժվարությունները և վերադառնա բնականոն կյանքին»
Նալբանդյան. Հայ ժողովրդի կրած տառապանքներին այսօր բախվում է սիրիացի ժողովուրդը
Ասադ. Հայ ժողովրդի կրած տառապանքներին այսօր բախվում է սիրիացի ժողովուրդը
Հայաստանի և Սիրիայի արտգործնախարարները Թուրքիային մեղադրել են շարունակական զանգվածային սպանությունների մեջ. SANA
ՀՀ ԱԳ նախարարի այցը Դամասկոս կարևոր է Սիրիայում ստեղծված իրավիճակի պայմաններում. Արաբագետ
ԱԳ փոխնախարարը՝ Սիրիայում մնացած հայերի մասին. Ով ցանկություն ունի, նա գալիս է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան