Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն անխուսափելի է. Սուքիաս Ավետիսյան
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն անխուսափելի է. «Կամ պետք է գումար գտնվի, և ինչ-որ մեկը պետք է այդ գումարը տա, կամ մենք պետք է հասկանանք, որ համակարգը պետք է փոխվի: Ես չեմ պաշտպանում, չեմ էլ ցանկանում պաշտպանել ՀԷՑ-ին»:
Ս.Ավետիսյանի խոսքերով՝ մարդկանց ռեակցիան բնական է, որ վատ է, քանի որ էլեկտրաէներգիայի գնի բարձրացումը վերաբերվում է ցանկացած ընտանիքի. «Դա ցանկացած ընտանիքի համար լրացուցիչ 15 տոկոսի բեռ է»:
Հարցին, թե իրեն ընտրող գյումրեցիները հրաժարվեն վճարել էլեկտրաէնեգիայի դիմաց, ապա ի՞նչ է անելու, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. «Ես ի՞նչ ասեմ, թող էլեկտրաէներգիա արտադրողները մտածեն` ինչ անեն»:
Լրագրողի հարցին, թե հնարավո՞ր է` ՀՀԿ-ականները միասին են վատնել ՀԷՑ-ի փողերը, որ հիմա պաշտպանում են նրանց, պատգամավորն ասաց, թե վստահ է, որ նման բան չի եղել: Դիտարկմանը, թե ՀԷՑ-ում կան նաև ազգանվան «յան» վերջավորությամբ մարդիկ, ովքեր մեղավոր են, Ս.Ավետիսյանն ասաց, թե «յան»-երով մարդկանց մասին թող իրավապահ մարմինները մտածեն, և եթե կան այդպիսիք, հրապարակեն և գործեր հարուցեն:
«Եթե կան, թող գործեր հարուցեն, կալանավորեն, ես դրա հետ լիովին համաձայն եմ, եթե իհարկե, նման մարդիկ կան, ովքեր ժողովրդի հաշվին շռայլություններ են կատարել»,- նշեց պատգամավորը: