ՀՀ-ն ակտիվորեն ներգրավված է ՆԱՏՕ ԽՎ-ի շրջանակում իրականացվող միջոցառումներին. Կ. Նահապետյան
Հակամարտության կարգավորման հարցում խաղաղության հասնելու անհնարինությունը պայմանավորված է քաղաքական իրավիճակով, քաղաքական կամքի բացակայությամբ և ազգերի միջև փոխվստահության ցածր մակարդակով: Այս մասին ասել է «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը՝ այսօր ՆԱՏՕ ԽՎ-ի Ռոուզ-Ռոթ սեմինարի ժամանակ խոսելով ԼՂ հիմնահարցի կարգավորման մասին:
Նա կարևորել է քաղհասարակության ներգրավումը կարգավորման գործընթացում, տեղեկացնում են ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Մինասյանն անդրադարձել է նաև Վրաստանում քաղաքացիական հասարակության դերին և քաղաքական գործընթացների զարգացման միտումներին:
ԼԻՆՔՍ-ի տնօրեն Դենիս Սամութը նշել է, որ տարածաշրջանի երեք երկրները վերջին տասնամյակում ունեցել են պատմական ընդհանուր անցյալ և կարողացել են ժամանակի ընթացքում փոխազդել միմյանց վրա: Նա ներկայացրել է Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում քաղաքական գործընթացների զարգացման վերջին միտումները և զուգահեռներ անցկացրել դրանց միջև, խոսել է տարածաշրջանային հակամարտություններից, ընտրական գործընթացներից, սահմանադրական բարեփոխումներից: Նա ներկայացրել է քաղաքացիական հասարակության զարգացման միտումները տարածաշրջանի երկրներում: Խոսելով Հայաստանում իրականացված վերջին խորհրդարանական ընտրությունների մասին՝ բանախոսը նշել է, որ այն բազմակարծություն է ապահովել երկրում, որը լավ հիմք է ապագան կառուցելու համար:
Այս համատեքստում զեկուցողը նշել է, որ նույնը չի կարելի ասել Ադրբեջանի դեպքում:
«Լավատես եմ, քանզի կարող եմ մեկ միտում տեսնել՝ նոր որակի երիտասարդ սերունդ ունենք տարածաշրջանում, որը չի կարող ընդունել անցյալը և ներկան ու պահանջում է ավելի բարձր որակ և կառավարում, որը ապագայի կարևոր երաշխիք է»,- նշել է պարոն Սամութը:
Հարցուպատասխանի ընթացքում ՆԱՏՕ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներ Թևան Պողոսյանը և Էլինար Վարդանյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Արաիկ Հովհաննիսյանը փորձել են պարզաբանումներ ստանալ հակամարտությունների կարգավորման գործընթացում քաղաքացիական հասարակության ներգրավման, չճանաչված պետություններում նրանց դերի, տարածաշրջանի երկրների նկատմամբ առանձնահատուկ մոտեցում ցուցաբերելու կարևորության վերաբերյալ: Հիմնական զեկուցողները ներկայացրել են իրենց տեսակետները:
Ամփոփելով Ռոուզ-Ռոթ սեմինարի աշխատանքը՝ ՆԱՏՕ ԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը կարևորել է Հարավային Կովկասին առնչվող սեմինարի անցկացումը: Նա, խոսելով անվտանգությանն ու կայունությանն առնչվող խնդիրներից, կարևորել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի գործադրումը՝ ընդգծելով այդ հարցում խորհրդարանականների դերակատարությունը: Պարոն Նահապետյանը նշել է, որ Հայաստանն ակտիվորեն ներգրավված է ՆԱՏՕ ԽՎ-ի շրջանակում իրականացվող բոլոր միջոցառումներին: Պատվիրակության ղեկավարը փաստել է, որ Հայաստանը ջանքեր է գործադրելու՝ եվրոպական և եվրատլանտյան կառույցների հետ համագործակցությունը խորացնելու համար:
Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին՝ Կորյուն Նահապետյանը նշել է, որ տարածաշրջանն ունի բազմաթիվ խնդիրներ և հակամարտություններ՝ ընդգծելով, որ խորհրդարանականները պետք է միավորեն ջանքերը դրանց լուծման համար: Նա կարևորել է ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով: Խոսելով մեկ այլ մարտահրավերի՝ փակ սահմանի խնդրից՝ Կորյուն Նահապետյանը կարծիք է հայտնել, որ պետք է թուրք խորհրդարանականներին կոչ անել հավելյալ ջանքեր գործադրելու, որ հայ-թուրքական սահմանը բացվի, և ՆԱՏՕ-ն Հայաստանի հետ չունենա փակ սահման:
Խոսելով Հարավային Կովկասում ժողովրդավարական բարեփոխումների իրականացումից՝ պարոն Նահապետյանը համոզմունք է հայտնել, որ Հարավային Կովկասի տարբեր երկրներ գտնվում են ժողովրդավարական զարգացման տարբեր մակարդակներում և հույս է հայտնել, որ գործընկեր խորհրդարանականներն օբյեկտիվորեն կներկայացնեն իրավիճակը Հարավային Կովկասի երկրներում:
ՆԱՏՕ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավարը փաստել է, որ եթե Ադրբեջանի պատվիրակությունը իրականությանը չհամապատասխանող պնդումներ ներկայացնի կամ վեհաժողովի փաստաթղթերում ԼՂ-ին կամ ՀՀ արտաքին քաղաքականությանը վերաբերող ոչ օբյեկտիվ հարցադրումներ հնչեն, ապա Հայաստանի վարքագիծը լինելու է անփոփոխ. շարունակելու է պաշտպանել իր շահերը:
Ամփոփելով սեմինարի աշխատանքը՝ ՆԱՏՕ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը շնորհակալություն է հայտնել բոլոր մասնակիցներին արդյունավետ և կառուցողական քննարկումների համար:
ՆԱՏՕ ԽՎ-ի նախկին նախագահ Հյու Բեյլին կարևորել է եռօրյա քննարկումները՝ նշելով, որ առանց նման քննարկումների և երկխոսության հնարավոր չէ հասնել խնդիրների արդյունավետ լուծման: Նա նշել է, որ Հայաստանը կարևոր նշանակություն ունի ոչ միայն տարածաշրջանի երկրների, այլև Եվրոպայի համար և համագործակցությունը Հայաստանի հետ բխում է երկկողմ հետաքրքրություններից: Պարոն Բեյլիի խոսքով՝ Հայաստանն աշխարհաքաղաքական և աշխարհագրական տեսանկյունից չի կարող միայն ԵՄ-ով հետաքրքրված լինել և սխալ է ՀՀ-ին դնել երկընտրանքի առջև՝ կամ Բրյուսել, կամ Մոսկվա:
«Պետք է գտնել ճանապարհ հարաբերությունները համակողմանի զարգացնելու ուղղությամբ»,- ասել է նա:
Ամփոփելով սեմինարի արդյունքները՝ Հյու Բեյլին շնորհակալություն է հայտնել հայկական կողմին միջոցառումը բարձր մակարդակով կազմակերպելու համար: