Ամառային լողաշրջանը բացված է. ցուցումներ փրկարարների կողմից
Այսօր ՀՀ ՏԿԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը Գեղարքունիքի մարզում մասնակցեց ամառային լողաշրջանի բացմանը:
ՏԿԱԻՆ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Ա. Պետրոսյանը ուժեղացված հերթապահության ընթացքում հաջող ծառայություն է մաղթել ջրափրկարարական ջոկատի անդամներին. «Փրկարարների արագ և արդյունավետ գործողությունների շնորհիվ հնարավոր է խուսափել դժբախտ պատահարներից: Ձեզանից յուրաքանչյուրի կյանքը մեզ համար թանկ է: Շնորհակալություն նախորդ տարիների ձեր անձնուրաց աշխատանքի համար և բարի ծառայություն ձեզ այս տարի»:
Գեղարքունիքի մարզային փրկարար վարչության պետ Է. Գալստյանը ներկայացրել է ջրափրկարարական և ջրասուզական հանդերձանքը, փրկարարական համապատասխան սարքավորումները:
Է. Գալստյանը նշել է, որ առավոտյան ժամը 09:00-ից մինչև 21:00 հերթապահություն է սահմանված հանրային լողափերում և հավելեց. «Լողափերը մշտապես մեր վերահսկողության տակ են: Ունենք անհրաժեշտ հանդերձանք և տեխնիկա՝ փրկարարական աշխատանքներն իրականացնելու համար: Պարզապես խորհուրդ կտամ ամառային հանգիստը Սևանում կազմակերպող քաղաքացիներին ուշադրության կենտրոնում պահել երեխաներին, լողալ նշված հատվածներում, հետևել հերթապահություն իրականացնող փրկարարաների խորհուրդներին»:
Սևանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը կարևորել է մարզում փրկարար վարչության ստեղծումը, անդրադարձավ «911» ծառայության գործունեությանը:
«Ամեն տարի մեզ մոտ իրենց հանգիստն են անցկացնում մոտավորապես 55 000 քաղաքացի: Փրկարար ծառայությունը այդ ընթացքում աշխատում է ուժերի մեծ լարումով: Արդյունավետ իրազեկման շնորհիվ հնարավոր է լինում խուսափել բազմաթիվ պատահարներից: Մարզային փրկարար վարչությունը մեծ անհրաժեշտություն էր բոլորիս համար: «911» ծառայության տեղայնացման շնորհիվ բոլոր ահազանգերը գրանցվում են մարզային Ճգնաժամային կառավարման կենտրոնում, որը հնարավորություն է տալիս փրկարարաներին առավել արագ արձագանքել»,-ասել է նա:
Տարածքը սպասարկող 35 անդամից բաղկացած Հատուկ ջրափրկարարական ջոկատն ամռան ամիսներին առավել զգոն է աշխատում: ՀՀ ՏԿԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի հրամանատար, փ/ծ ավագ լեյտենանտ Ա. Ճզմաչյանը ներկայացրել է խմբերի աշխատանքը և դիմել քաղաքացիներին.
«Հետևեք ցուցումներին: Մի անցեք լողանշանները, ոչ սթափ վիճակում ջրային տրանսպորտից չցատկել:
Հերթապահությունը սահմանված է երեք հանրային լողափերում, բայց անհրաժեշտության դեպքում հերթապահություն իրականացնող խումբը պատրաստ է արձագանքել մասնավոր լողափերի ահազանգերին: Փրկարարական ծառայությունը հանրային լողափերում իրականացվում է դիտարկման եղանակով` բարձր աշտարակների վրայից, մոտորանավակներով կատարվում են պրոֆիլակտիկ շրջայցեր, բարձրախոսերով ցուցումներ և հրահանգներ են տրվում:
ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը հաջող ամառային հանգիստ է ցանկանում բոլորին և կրկին զգուշացնում՝ պահպանանեք անվտանգության կանոնները, հետևեք փրկարարաների խորհուրդներին»: