Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը Սիրիայում ԻԼԻՊ-ի դեմ հարվածելու անհրաժեշտություն է տեսնում
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնը հայտարարել է, որ խորհրդարանը պետք է վերանայի Սիրիայում «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» դեմ հարվածներ հասցնելու հարցը: Այս մասին հայտնում է «Իտար-Տասս»-ը:
Ֆելոնի խոսքով, այժմ ստուգվում են այն տեղեկությունները, թե արդյոք Թունիսի ահաբեկչությունը պլանավորվել էր Սիրիայի տարածքում գործող ԻԼԻՊ-ի կենտրոնում: Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարն անտրամաբանական է գտնում այն, որ բրիտանացի զինվորականները չեն կարող ռմբակոծել Սիրիայում իսլամիստների դիրքերը, մինչդեռ ամերիկյան օդուժը հարվածներ է իրականացնում ողջ երկրով մեկ:
«Օրենքի տեսանկյունից Սիրիայում գործողություն իրականացնելու խոչընդոտ չկա, սակայն մենք խորհրդարանի հավանությունը չունենք»,-ասել է Ֆելոնը` ավելացնելով, որ մոտ ժամանակներս այս հարցի շուրջ քվերակություն չի անցկացվելու:
«Սակայն մենք պետք է հստակ հասկացնել տանք, որ դիմելու ենք խորհրդարանին և հավանություն են ակնկալում»,-շեշտել է նա:
Ներկայում Մեծ Բրիտանիան ԻԼԻՊ-ի դեմ օդային հարվածներ է իրականացնում Իրաքում, քանի որ անցած տարի խորհրդարանի ընդունած բանաձևը թույլ չտվեց գործողություններ ծավալել Սիրիայում: