Դոնալդ Տուսկը Հայաստան կայցելի հուլիսի 20-ին
Հուլիսի 20-22-ը տարածաշրջանային այցով Հարավային Կովկաս կայցելի Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը: Այցի շրջանակներում հուլիսի 20-ին Տուսկը կայցելի Հայաստան: Այս մասին տեղեկանում ենք Եվրոպական խորհրդի մամուլի ծառայությունից:
Ինչպես հաղորդվում է, Հայաստանում նախատեսված են Դոնալդ Տուսկի հանդիպումները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Դոնալդ Տուսկի և Սերժ Սարգսյանի հանդիպումից հետո տեղի կունենա համատեղ մամուլի ասուլիս, որին կհաջորդի ի պատիվ Եվրոպական խորհրդի նախագահի` ՀՀ նախագահի անունից տրվելիք աշխատանքային ճաշը:
Հաղորդագրության համաձայն, Եվրոպական խորհրդի նախագահը այցելելու է նաև Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, ինչպես նաև հանդիպումներ է ունենալու ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների հետ:
Դոնալդ Տուսկը Հայաստանից հետո կմեկնի Վրաստան, իսկ հուլիսի 22-ին` կլինի Ադրբեջանում: