Երբ տարածաշրջանում ինչ-որ զարգացումներ են լինում, Ադրբեջանն անմիջապես անցնում է գործողությունների. Քաղաքագետ
Ղարաբաղյան հակամարատության լուծման բանակցային գործընթացում լուրջ զարգացումներ չեն լինի: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Այս փուլում, նրա խոսքով, առավելագույնը կարող է լինել երկու երկրների` Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպելը:
«Բանակցային գործընթացը փակուղուց հանելու համար հիմա համանախագահներին միայն հանդիպում կազմակերպելն է մնում: Բայց դժվար է ասել` կհաջողվի՞ դա նրանց, թե՞ ոչ: Դա կախված կլինի մարտի դաշտում տեղի ունեցող իրադարձություններից»,-հավելեց բանախոսը:
Նրա կարծիքով, բանակցային գործընթացում որոշ ակտիվություն նկատվում է, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հասկանում են` այս փուլը կարևոր է և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի համար: Բացի այդ, քաղաքագետի խոսքով, ակտիվությունը համընկել է Իրանի և վեցյակի միջև հաստատված համագործակցության շուրջ զարգացումների հետ, ինչը նշանակում է, որ տարածաշրջանում ռուս-ամերրիկյան համագործակցությունը նորից սկսում է աշխատել, իսկ Ադրբեջանն էլ փորձում է ամեն ինչ անել, որպեսզի սահմանում իրավիճակը լարված պահի:
«Ադրբեջանին լավ հաջողվում է` երբ տարածաշրջանում ինչ-որ զարգացումներ են լինում, նա անմիջապես անցնում է գործողությունների»,- հայտարարեց նա` ընդգծելով, որ այնպես պետք է անել, որ սահմանը մշտապես լարված պահելու իրավունքը Ադրբեջանի ձեռքին չմնա:
Սահմանին լարվածությունը պահելը, ըստ բանախոսի, Ադրբեջանի իշխանության համար միակ ելքն է երկրում քաղաքական դիվիդենտներ շահելու համար, և այդ երկրի կողմից պատերազմի վերսկսելու հնարավորությունը նվազ է: Պատճառը, ըստ նրա, երկրի սոցիալ-տնտեսական վատ վիճակն է:
«Սոցիալական խնդիրը շատ սուր է դրված Ադրբեջանում: Արտաքին ազդակները նույնպես պակասում են, քանի որ նա աջակցություն չի ստանալու նույնիսկ իր ռազմավարական գործընկերոջից՝ Թուրքիայից: Հետևաբար, Ադրբեջանը ռազմական հաջողության հասնել չի կարող: Իսկ հայկական կողմը մեծ շանսեր ունի հաջողության հասնելու համար»,- նկատեց Մելիք-Շահնազարյանը: