«Հայկական սպորտը և մարմնակրթությունը Օսմանյան կայսրությունում»
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը վերահրատարակել է Հայկ Դեմոյանի «Հայկական սպորտը և մարմնակրթությունը Օսմանյան կայսրությունում» պատկերազարդ մենագրությունը: Այն 2009 թ. լույս տեսած հրատարակության լրամշակված ու նորահայտ նյութերով հարստացված տարբերակն է, որում ընդգրկված են հայկական սպորտի պատմությանը վերաբերող շուրջ 600 լուսանկարներ:
Գրքում առաջին անգամ ներկայացվում են Օսմանյան կայսրությունում հայկական սպորտի և մարմնակրթության ձևավորման նախապատմությունը, արևմտահայության շրջանում մարմնամարզության ու սպորտի զարգացման ընթացքն ու առաջին հայ մարմնամարզական ակումբների գործունեությունը: Այսպիսով՝ ընթերցողին են ներկայացվում հայկական սպորտի պատմության առայժմ անհայտ, սակայն չափազանց հետաքրքիր դրվագներ:
«Մենագրությունն անդրադառնում Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերում առաջացած հայկական մարզական ակումբների գործունեությանը, հայկական օլիմպիական խաղերի կազմակերպմանը, Արևմտյան Հայաստանում և Կիլիկիայում մեծ թափ առաջ մարմնակրթական շարժման պատմությանը, ինչպես նաև հայ կանանց մարմնամարզական ակումբների, մարզական մրցակցության և ազգայնականության, հայկական սկաուտական շարժման առաջացմանը և Մեծ եղեռնին զոհ գնացած հայ մարզիկներին»,- նշում է հեղինակը:
Եվրոպական ազդեցությունն ու եվրոպական կրթական ավանդույթների և սկզբունքների հետ ծանոթությունը նպաստեց սպորտային կյանքի աննախադեպ ակտիվացմանը: Մինչև 1915 թ. Կոստանդնուպոլսից Վան, Տրապիզոնից Ադանա հայկական տասնյակ սպորտային ակումբներ ու սկաուտական կազմակերպություններ ի հայտ եկան:
Օսմանյան կայսրության պատմության մեջ առաջին անգամ երկու հայ մարզիկներ՝ Վահան Փափազյանն ու Մկրտիչ Մկրյանը, 1912 թ. Ստոկհոլմում կայացած օլիմպիական խաղերում ներկայացրեցին Օսմանյան կայսրությունը: Հայկական բազմաթիվ թիմեր ու մարզիկներ պարբերաբար հաղթանակներ էին տոնում և ռեկորդներ սահմանում տեղական ու միջազգային մրցաշարերում: Բավական է նշել, որ 1911-1914 թթ. անցկացվել են 4 «Հայկական օլիմպիական խաղեր»՝ հայկական բոլոր մարզական ակումբների մասնակցությամբ: Հաղթողները պարգևատրվել են արծաթե մեդալներով:
Հայերի դեմ իրագործված ցեղասպանության զոհ դարձան բազմաթիվ հայ մարզիկներ, այդ թվում նաև՝ «Մարմնամարզի» խմբագիր Շավարշ Քրիսյանը, որից հետո պարբերականը դադարեց լույս տեսնել:
1915-1920 թթ. բազմաթիվ հայ մարզիկներ դարձան ցեղասպանության զոհ, իսկ մարզական ակումբների մեծ մասը դադարեց գործել:
Ավելացնենք, որ մինչև տարեվերջ գիրքը հրատարակվելու է նաև ռուսերենով, անգլերենով ու թուրքերենով:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան