Խոսրով Հարությունյան. Սարգսյան-Պուտին հանդիպումը կարելի է համարել հաջողված
Պետք է փաստենք, որ Հայաստանի և Ռուսաստանի միջպետական հարաբերությունները բավականին ընդգրկուն են և քաղաքական օրակարգն էլ բավականին բազմաշերտ և բազմազան: Եվ այս հանդիպումն այդ տեսանկյունից, երկու բարեկամական երկրների ղեկավարների արդեն ավանդույթ դարձած նախկին հանդիպումների տրամաբանական շարունակությունն էր,-«Panorama.am»-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը՝ անդրադառնալով նախագահ Սերժ Սարգսյանի մոսկվա կատարած այցին և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը:
Ըստ Հարությունյանի՝ Հայաստանը դարձել է ԵՏՄ լիարժեք անդամ, երկու երկրների փոխհարաբերությունները դինամիկ զարգանում են ամենատարբեր ոլորտներում, ուստի հարկավոր է ընդհանուր հայտարարի բերել, թե ինչ ունենք վերջին մեկ տարվա արդյունքում:
«Թեպետ, ինչպես նախագահ Պուտինն արձանագրեց, որ երկու երկրների առևտրային շրջանառության ծավալները վերջին շրջանում նվազել են, այնուամենայնիվ դա ունի իր օբյեկտիվ պատճառները: Եվ այս հանդիպման նպատակներից մեկն էլ այն է, թե ինչ քայլերի կարելի է դիմել, որպեսզի այդ երկուստեք փոխշահավետ առևտրային, տնտեսական կապերը վերելք ապրեն: Եվ այդ տեսանկյունից, կարծում եմ, շատ կարևոր են այն համաձայնագրերը, որոնք ստորագրվեցին»,-նշեց Հարությունյանը:
Պատգամավորն ընդգծեց, որ մեր արտահանման ծավալները նույնիսկ ավանդական ապրանքատեսակների գծով՝ դա լինի կոնյակ, գինի, օղի, թե գյուղմթերքների վերամշակվող այլ արտադրատեսակներ, ինչպես նաև մնացած ոլորտներում էապես կրճատվել են հատկապես այս վերջին շրջանում դոլար-ռուբլի-դրամ շեշտակի վատթարացմամբ:
«Թեև դոլարն արժևորվեց ռուբլու նկատմամբ, սակայն մենք այս անցած ժամանակահատվածում ունեցանք նաև դրամի արժեզրկման որոշակի դինամիկա: Բայց ամբողջ ցավն այն է, որ Ռուսաստանում ռուբլու արժեզրկման ադեկվատ գները չփոխվեցին: Մյուս կողմից հայկական դրամն էլ այդչափ չարժեզրկվեց, որպեսզի մեր մոտ արտահանումը դառնա նպատակահարմար: Ինչու: Որովհետև կա մտավախություն, որ դրամի արժեզրկումը կարող է իր ազդեցությունը թողնել սակագների, այդ թվում թե էլեկտրաէներգիայի և թե գազի սակագների վրա»,- նշեց պատգամավորը:
Զարգացնելով միտքը պատգամավորը կարծիք հայտնեց, որ՝ «ձեռք բերելով համաձայնություն, որ Ռուսաստանի կողմից ձեռք բերվող գազի սակագինը սահմանի վրա իջնում է 25 դոլարով, ապա հնարավորություն է առաջանում արժեզրկել կամ թուլացնել դրամի դիրքերը»: Ինչն, ըստ Հարությունյանի, թեպետ անդրադառնում է սակագնի վրա, սակայն նպաստավոր պայմաններ է ստեղծվում արտահանման համար:
Հարությունյանը համոզմունք հայտնեց նաև, որ «դա հնարավորություն կտա Կենտրոնական բանկին մի քիչ ավելի ազատ լինել դրամավարկային իր քաղաքականության մեջ: Եթե դրամի դիրքերը թուլացնեն, ապա որոշակի արժեզրկումը չի հանգեցնի սակագների ավելի շատ բարձրացման:
Խոսրով Հարությունյանը կարևորեց նաև այցի ընթացքում ձեռք բերված նոր Ատոմակայանի շինարարության և եղած Ատոմակայանի կարողությունների պահպանման շուրջ պայմանավորվածությունները՝ նշելով, որ «դա մեր համար ռազմավարական կարևորության խնդիր է»:
Պատգամավորը կարևորեց նաև Հայաստանի ռազմական կարողությունների արդիականացման ուղղությամբ պայմանավորվածությունները՝ դրանք համարելով շատ կարևոր:
«Հաշվի առնելով այն աշխարհաքաղաքական վտանգները, այն սպառնալիքներն ու մարտահրավերները, որոնք Հայաստանի կամքից անկախ կան տարածաշրջանում՝ մեծ Մերձավոր Արևելք, փոքր Մերձավոր Արևելք և Հարավային Կովկաս, ապա ռազմական մեր կարողությունների՝ այսօրվա պահանջներին ադեկվատ դարձնելը անվտանգության տեսանկյունից թիվ մեկ խնդիրներից է»,- նշեց նա:
Ամփոփելով խոսքը Հարությունյանը Սարգսյան-Պուտին հանդիպումը համարեց հաջողված նաև այն տեսանկյունից, որ ձեռք բերվեց պայմանավորվածություն ՀԱՊԿ շրջանակներում անդրադառնալ պաշտպանական որոշ հարցադրումների:
«Ժամանակն է, որ մենք բարձրաձայնենք նաև այն թեզը, որ ՀԱՊԿ անդամ պետությունների նկատմամբ ցանկացած սպառնալիք, դա ռազմական ռեալ սպառնալիք է ՀԱՊԿ-ի համար: Եվ նշանակություն չունի, թե այդ սպառնալիքը ձևավորվել է աֆղանա-տաջիկական սահմանին, Կենտրոնական Ասիայում, թե Հարավային Կովկասում հայ-ադրբեջանական սահմանի վրա: Բոլոր դեպքերում ՀԱՊԿ անդամ ցանկացած պետության վրա արտաքին յուրաքանչյուր սպառնալիք, դա սպառնալիք է կոլեկտիվ անվտանգությանը»,- նշեց Խոսրով Հարությունյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին