«Երևանի կիսամարաթոնին» ընդառաջ
Հոկտեմբերի 4-ին «Էրեբունի-Երևան» տոնակատարության միջոցառումների շրջանակներում Երևանում առաջին անգամ կանցկացվի վազքի կիսամարաթոն՝ Երևանի կիսամարաթոնը: Այն կազմակերպել է Երևանի քաղաքապետարանը՝ «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի, «Օրանժ Ֆիթնես» ակումբի, «Australian Airlines»-ի հետ համատեղ, ինչպես նաև «Առողջ ապրելակերպ, առողջ ֆինանսներ» կարգախոսով հանդես եկող Կենտրոնական բանկի և մի շարք այլ ընկերությունների ու Հայաստանի վազքի ակումբների աջակցությամբ:
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում «Երևանի կիսամարաթոն» ծրագրի ղեկավար Անահիտ Ադամյանը շեշտեց, որ վազորդները հանդես կգան 4՝ 21 կմ, 10 կմ, 2,1 կմ և 1 կմ մրցատարածություններում: Այս պահին մասնակցության հայտեր կան բարեգործական 4՝ «Սատար», «Հայ մայրեր», «One Armenia», «Teacher of Armenia» կազմակերպություններից: Նրանք հանդես կգան թիմերով՝ վազքի միջոցով տեղեկացնելով իրենց ծրագրերի մասին:
Կիսամարաթոնի անցկացման նպատակն է Հայաստանում ստեղծել միջազգային խոշոր վազքի մարաթոն, խթանել երկար մրցատարածության վազքի զարգացումը և առողջ ապրելակերպը, նպաստել մեր երկրում մարզական տուրիզմի զարգացմանը:
Վազքուղին կսկսվի Ստեփան Շահումյանի անվան հրապարակից և կանցնի Երևանի տեսարժան վայրերով և հաստատագրված է Մարաթոնների միջազգային կազմակերպության (AIMS)-ի կողմից:
Լավագույն երեք տեղերն զբաղեցրածների համար սահմանվել են դրամական մրցանակներ: Անհատական մրցանակներից բացի, թիմային 3 մրցանակ է նախատեսված մասնակից ընկերությունների համար:
Վազքին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել ձևաչափ և վճարում կատարել yerevan21.am կայքում:
Ավելի վաղ հաղորդվել է, որ հոկտեմբերի 3-ին Հայաստանում առաջին անգամ կանցկացվի միջազգային կիսամարաթոն՝ «Երևան ՌԱՆԱՐՄ-2015»-ը: Երևանի միջազգային կիսամարաթոնը և մյուս վազքարշավները կազմակերպվում են պետական ծրագրի շրջանակներում՝ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, Երևանի քաղաքապետարանի, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի և Հայաստանի ատլետիկայի ֆեդերացիայի հովանու ներքո: Միջոցառման պաշտոնական կազմակերպիչն է միջազգային ՌԱՆԱՐՄ ընկերությունը: Այդ միջոցառումը, որը տեղի կունենա Հանրապետության հրապարակում, ներառելու է 4 վազքարշավ՝ կիսամարաթոն (21,097 կմ), փոխանցումավազք (2x10,550 կմ), 5 կմ վազք և 2,5 կմ վազք 12-15 տարեկան դպրոցականների համար: Բոլոր մասնակիցները կստանան մարզաշապիկ և մեդալներ, իսկ հաղթողները՝ նաև դրամական պարգևներ: Մարզական այս ծրագիրը ներառում է նաև մարզային վազքի մրցույթներ, որոնք կմեկնարկեն 2016 թ. մարտից: Կազմակերպչական աշխատանքներին աջակցում են նաև Ատլետիկայի ֆեդերացիաների միջազգային ասոցիացիան (IAAF) և Միջազգային մարաթոնների ու վազքարշավների ասոցիացիան (AIMS): Աջակիցների դիրքերից են հանդես գալիս նաև «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկը» և մի շարք այլ ընկերություններ:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ