NYT. ԱՄՆ-ն Սիրիայում նոր ճակատ է բացում
Միացյալ Նահանգները և նրա կոալիցիոն գործընկերները պատրաստվում են Սիրիայի հյուսիս-արևելյան հատվածում ռազմական գործողությունների նոր ճակատ բացել: Այս մասին գրում է «The New York Times» պարբերականը` հղում անելով Պենտագոնի և Սպիտակ տան իր աղբյուրներին:
Ինչպես նշվում է, այս նոր գործողությունները տրամագծորեն տարբերվելու են ներկա դրությամբ ռուսական կողմից իրականացվող ռազմական գործողություններից: Պարբերականի փոխանցմամբ` հարվածների թիրախում է լինելու Ռաքքա քաղաքը, որն այս պահին փաստացի վերածվել է «Իսլամական պետության» դե ֆակտո մայրաքաղաքի:
Հաղորդվում է, որ նախորդ շաբաթ ԱՄՆ նախագահը գործողությունների երկու կարևոր փաթեթ է հաստատել, որոնք ենթադրում են, որ արդեն առաջիկա շաբաթներին կոալիցիոն ուժերը կսկսեն իրենց նոր գործողությունները:
Պարբերականի փոխանցմամբ` Օբաման առաջին անգամ լիազորել է սիրիական ընդդիմության ներկայացուցիչներին զինել այնպիսի զինատեսակներով, ինչպիսիք նրանք նախկինում չեն ունեցել: Օբաման նաև խստացրել է ԻՊ-ի դիրքերի վերաբերյալ օդային ավիացիոն հետախուզական աշխատանքների ինտենսիվությունը:
Ընդհանուր առմամբ, գրում է «The New York Times»-ը, պլանավորում է զինել մոտ 3-5 հազար արաբ կռվողների, որոնք արդեն կմիանան ավելի քան 20 հազար քուրդ զինյալների խմբին, ովքեր արդեն իսկ Ռաքքայում հարվածներ են հասցնում ԻՊ-ի գրոհայինների դիրքերին:
Նշվում է, նաև որ ԱՄՆ պատրաստվում է օժանդակել սիրիական ընդդիմությանը ամբողջությամբ փակել Թուրքիայի հետ սահմանը, որն ԻՊ-ի համար կենսական միջոցներ ձեռք բերելու գլխավոր ուղին է շարունակում մնալ:
Ռուսական կողմի օդային ավիահարվածներից Միացյալ Նահանգների այս նոր գործողության տարբերությունը այն է, որ վերջինս կիրականացվի Սիրիայի արևմտյան շրջաններից բավականին մեծ հեռավորության վրա, ըստ էության ստեղծվելով, նոր` հյուսիսային ճակատ: