Էջմիածնում օլիմպիական ստանդարտներին համապատասխան սպորտային համալիր կկառուցվի
Էջմիածնում կառուցվելու է օլիմպիական ստանդարտներին համապատասխան, բարձր որակական հատկանիշներով սպորտային համալիր, որի հիմնարկեքի արարողությունը տեղի ունեցավ այսօր՝ քաղաքի 2700-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների շրջանակում: Արարողությանը ներկա էր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը։
Հայ առաքելական եկեղեցու Արմավիրի թեմի առաջնորդ Սիմոն եպիսկոպոս Ադամյանը կատարեց համալիրի օրհնության արարողությունը։ Այնուհետև քաղաքապետ Կարեն Գիրգորյանը ընթերցեց պարկուճի մեջ տեղադրվելիք տեքստը և այն տեղադրվեց հողի մեջ։
Սպորտային համալիրի ճարտարապետը նշեց, որ մարզադպրոցը կառուցվելու է երկու մասնաշենքով, առաջին փուլում նախատեսվում է կառուցել փակ լողավազանով մասնաշենք, ապա ունիվերսալ մարզադահլիճով մասնաշենքը։ Երկրորդ փուլում մարզադպրոցի կողքին կկառուցվի նաև ֆուտբոլի մարզադաշտ: Իսկ շինաշխատանքները կավարտվեն 2016 թվականին։
Նոր մարզադպրոցի կառուցման աշխատանքների ֆինանսավորման նպատակով ՀՀ կառավարության որոշմամբ ՀՀ քաղաքաշինության նախարարությանը հատկացվել է 228 մլն դրամ։