Կարևոր իրադարձություն մեր կազմակերպության և Հայաստանի համար. Միկայել Ժան
Երևանում մեկնարկել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների համաժողովի 31-րդ նստաշրջանը:
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանն ազդարարելով նստաշրջանի մեկնարկն, ասաց, որ կարևոր իրադարձություն է ինչպես իրենց կազմակերպության, այնպես էլ Հայաստանի համար:
Միջոցառմանը մասնակցելու նպատակով ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի, Ֆրանկոֆոնիայում նախագահող Սենեգալի արտգործնախարար Մանքյոր Նդայեի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանի անունից հրավերներ են ուղարկվել Ֆրանկոֆոնիայի անդամ և դիտորդ, 5 մայրցամաքներ ներկայացնող 80 պետությունների արտաքին գործերի նախարարներին: Ընդհանուր առմամբ, համաժողովին մասնակցելու նպատակով Երևան են ժամանել անդամ երկրների և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության քարտուղարության շուրջ 500 ներկայացուցիչ:
Համաժողովի ընթացքում կքննարկվեն Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության օրակարգային խնդիրները, միջազգային և տարածաշրջանային արդիական հարցեր, որոնց վերաբերյալ կընդունվեն համապատասխան բանաձևեր։
Նախարարական հանդիպման շրջանակներում կազմակերպված է նաև հարուստ մշակութային ծրագիր: Որպես միջոցառումների գլխավոր մշակութային ձեռնարկ այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալու է Շառլ Ազնավուրի համերգը:
Հայաստան են ժամանել Ֆրանսիայից և Հայիթիից երաժշտական խմբեր:
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, ուր ընթանում է նախարարական համաժողովը, կազմակերպվել է Հայաստանի զբոսաշրջությունը, բարձր տեխնոլոգիաները, մշակույթը ներկայացնող տաղավարների և հայկական արտադրության ապրանքների ցուցահանդեսներ:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց