Խորհրդարանական կառավարման համակարգը կոմպրոմիսների արվեստ է. Դավիթ Շահնազարյան
Խորհրդարանական կառավարման համակարգը առաջին հերթին կոմպրոմիսներն են, կոմպրոմիսների արվեստն է: Այդ մասին այսօր Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի կազմակերպած Սահմանադրական բարեփոխումների մասին քննարկման ժամանակ հայտարարեց «Համաձայնություն» կենտրոնի ղեկավար, նախկին ՀՀՇ-ական Դավիթ Շահնազարյանը` ընդգծելով, որ ինքը խորհրդարանական կառավարման կողմնակիցներից է և դա երբեք չի թաքցրել:
Պատասխանելով հարցին, թե արդյոք կօգնի՞ փոփոխվող Սահամանդրությունը Հայաստանում քաղաքական համակարգ ձևավորելուն, Շահնազարյանն ասաց, որ մոտ ապագայում ինքը նման սպասումներ չունի:
Նրա խոսքով, առաջին հերթին պետք է օրենքով Հայաստանում արգելել նախընտրական դաշինքներ կազմելը: «Ամեն կուսակցություն պարտավոր է առանձին գնալ, մասնակցել և հետո միայն խորհրդարանում կազմեն դաշինքներ, միություններ: Կարծում եմ, իմ կարծիքով այս նախագիծը անընդհատ խրախուսում է այդ դաշինքները: Դաշինքային տրամաբանությունը արդեն գերիշխող է դարձել քաղաքական դաշտում: Օրենքով պետք է նախտընտրական դաշինքները արգելել: Հայաստանում ըստ էության ոչ մի կուսակցությունում գոյություն չունի ներկուսակցական ժողովրդավարություն», -հավելեց Շահնազարյանը:
Քաղաքական գործչի պնդմամբ, պառլամենտական համակարգերն ավելի օգնում են զարգացմանը, և դրա մասին վկայում է համաշխարհային վիճակագրությունը:
«Տեսեք` այն երկրները, որոնք լուրջ հաջողություններ են հասել, դրանցում գերակշիռ մեծամասնությունը խորհրդարանական համակարգեր ունեցող երկրներն են: Բայց հիմքը եղել է քաղաքական համակարգի ստեղծումը, որը մեր մեծագույն պրոբլեմն է, չկա: Ցավոք սրտի, այս 25 տարիների ընթացքում շատ բացասական ավանդույթներ ենք ստեղծել քաղաքական համակարգում, կուսակցական կյանքում, իսկ ավանդույթները, գիտեք, որ լավ են աշխատում, քան օրենքներն ու նույնիսկ Սահմանադրությունը», -նկատեց Դավիթ Շահնազարյանը:
Թեմային առնչվող հրապարակում`
Շահնազարյանը` Սահմանադրության նախագծի դրական կողմերի մասին