Մեկնարկում է ԴիջիԿոդ կիրառական ծրագրավորման պատանեկան 2-րդ մրցույթը
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) և «Քրոնիմետ» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ մեկնարկում է ԴիջիԿոդ կիրառական ծրագրավորման պատանեկան 2-րդ մրցույթը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարեցին ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն ու «Քրոնիմետ» բարեգործական հիմնադրամի փոխտնօերն Դիանա Ավդալյանը:
Մրցույթի նպատակն է զարգացնել հայ դպրոցականների ալգորիթմային մտածողությունը, խթանել ծրագրավորման նկատմամբ հետաքրքրությունը, ինչպես նաև բացահայտել տաղանդավոր պատանիներին և աղջիկներին:
Նշենք, որ առաջին ԴիջիԿոդ մրցույթին մասնակցել են Հայաստանի տարբեր մարզերի 250 պատանիներ, եզրափակիչ փուլ անցել են նրանցից 50-ը, իսկ տարբեր անվանակարգերում մրցանակ է ստացել 10 դպրոցական:
Կ.Վարդանյանը հայտնեց, որ ԴիջԿոդ մրցույթի շրջանակներում մասնակիցներն աշխատելու են Scratch (Աղվես) ծրագրավորման լեզվով և ստեղծված խաղերը բեռնելու են Մասաչուսեթսի (MIT) տեխնոլոգիական ինստիտուտի կայք: Scratch-ը MIT-ի կողմից մշակված գրաֆիկական ծրագրավորման միջավայր է, իսկ Աղվեսը Scratch ծրագրի հայաֆիկացված և նոր մոդուլներով համալրված տարբերակն է, որը կիրառվում է նաև ռոբոտներ ծրագրավորելիս: Ծրագիրն իրենից ներկայացնում է ցանց, որը միավորում է ծրագրավորմամբ հետաքրքրվող դպրոցականներին:
Կ.Վարդանյանը նշեց, որ այս ծրագիրը դպրոցականների մեջ զարգացնում է ոչ միայն ալգորիթմային մտածողությունը, այլ նաև աշակերտների ստեղծագործականությունը, երաժշտական ճաշակը, անգլերենի իմացությունը, շփման ունակությունները:
«Մրցույթի շնորհիվ մենք բացահայտում ենք հանրապետության բոլոր շրջանների տաղանդավոր երեխաներին և նոր հնարավորություններ ստեղծում նրանց հետագա մասնագիտական զարգացման համար: Դպրոցահասակ երեխաները նախ սկսում են ծանոթանալ ծրագրավորման հիմունքներին, յուրացնում կոդավորման էլէմենտները, ապա հասարակ սպառողից վերածվում են արդեն արտադրողի: Սա նշանակում է, որ մոտ ապագայում այս երեխաներն իրենց իսկ բնակավայրերում սթարթափ ընկերություններ ստեղծելու ներուժ են ձեռքբերում»,- ընդգծեց Կարեն Վարդանյանը:
ԻՏՁմ գործադիր տնօրենն ասաց, որ այս կարևոր նախաձեռնությունը կյանքի է կոչվում «Քրոնիմետ» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ, որի հետ մի քանի տարի է համագործակցում են:
«Համագործակցությունը սկսվել է նրանից, երբ «Քրոնիմետ»-ի պատվերով ստեղծեցինք ռոբոտ կոնստրուկտորը և տրամադրեցինք հանրապետության 60 դպրոցի: Հիմա այդ դպրոցների աշակերտները մեր ստեղծած կոնտրուկտորի միջոցով բարելավում են իրենց ծրագրավորման հմտությունները»,- ասաց Կ.Վարդանյանը՝ հավելելով, որ այս երեխաներն այսօր ավելի շատ գիտելիքներ ունեն ծրագրավորումից, քան համալսարան ավարտածները: Մասնավորապես, ըստ նրա, 8-13 տաեկան երեխաները կարողանում են գրել ամբողջական խաղեր:
«Քրոնիմետ» բարեգործական հիմնադրամի փոխտնօրեն Դիանա Ավդալյանն էլ նշեց, որ հիմնադրամը կարևորում է տեխնոլոգիական կրթությանն առնչվող նախաձեռնությունները: «Առաջին ԴիջիԿոդ մրցույթի ժամանակ մենք մեկ անգամ ևս համոզվեցինք, որ մեր դպրոցականները մեծ ներուժ ունեն և դրա վառ ապացույցը նրանց կողմից մշակված խաղերն ու ծրագրերն են»,- ասաց Դ.Ավդալյանը:
Նա նաև նշեց, որ Դիջիկոդ մրցույթը կարևոր նախաձեռնություն է հատկապես Հայաստանի մարզերում՝ դպրոցականների շրջանում դեպի տեխնոլոգիական ոլորտի հետաքրքրության աճի և, հետագայում, մասնագիտական կողմնորոշման առումով:
Նշենք, որ ԴիջիԿոդ մրցույթին կարող են մասնակցել 1-17 տարեկան դպրոցականներ:
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան