FT. Պուտինն ու Օբաման Սիրիայի հարցում դաշնակիցների համար պայքար են մղում
Պուտին, թե Օբամա, ու՞մ հետ կցանկանայիք համագործակցել սիրիական խնդրի շուրջ: Նման հարցադրմամբ է հանդես գալիս բրիտանական «Financial Times» պարբերականը` նկատելով, որ Պարսից ծոցի երկրների ղեկավարության համար ներկա փուլում սա է գլխավոր հարցը:
Շարունակելով՝ պարբերականը գրում է, որ Ծոցի երկրները լուրջ տարաձայնություններ ունեն ինչպես Օբամայի, այնպես էլ Պուտինի հետ և նրանք չեն կողմնորոշվում, թե ում հետևեն իրենց գործողություններում: Այս վիճակն, ըստ պարբերականի, ավելի շատ պայմանավորված է Օբամայի նկատմամբ Պարսից ծոցի երկրների ղեկավարների հիասթափությամբ:
Պարբերականի դիտարկմամբ՝ արաբական այն երկրները, որոնք արդեն մի քանի տարի տարբեր կերպ օժանդակություն են ցուցաբերում Ասադի ռեժիմի ընդդիմադիրներին, ամուր կապեր ունեն Վաշինգթոնի հետ, սակայն նրանք հիասթափված են, քանի որ ԱՄՆ զերծ է մնում անսալ նրանց պահանջներին և ավելի կոպիտ ինտերվենցիա անել Սիրիայում:
Եվ հիմա, ըստ պարբերականի, երբ Ռուսաստանն Իրանի հետ ձեռնամուխ է եղել Ասադի ռեժիմին օգնելուն, սիրիական ընդդիմությանը օգնություն ցույց տված երկրները վտանգ են զգում, որ իրենց ջանքերը կարող են ապարդյուն լինել:
Այս համատեքստում պարբերականը ուշադրություն է հրավիրում Ծոցի երկրների որոշ ղեկավարների և Պուտինի միջև օրերս Սոչիում կայացած բանակցություններին՝ նկատելով, որ այդ երկրները այնքան էլ հակված չեն խուսափել Ռուսաստանի հետ համագործակցությունից, քանի որ բավական մեծ ներդրումներ են արել Ռուսաստանի հետ հարաբերություններում՝ թե քաղաքական և թե տնտեսական մակարդակներում:
Այդուհանդերձ, պարբերականը նկատում է, որ Ծոցի երկրների համար գլխավոր խնդիրը շարունակում է մնալ Ասադը և նրա հեռանալը՝ որպես տարածաշրջանում խաղաղության հաստատման կարևոր նախապայման:
Մյուս կողմից, Ռուսաստանի հետ համագործակցությունը, ըստ պարբերականի, որքան էլ ռիսկային լինի Ծոցի երկրների համար, նրանք այդ համագործակցությունը նաև դիտարկում են որպես Իրանի ազդեցությունը զսպող գործոն:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ