Իրանի վերաբերմունքը հայկական հուշարձանների նկատմամբ օրինակելի է. Կարապետյան
ՀՀ-ում Իրանի դեսպանատան նախաձեռնությամբ Երևանում կկայանա «Հայկական ճարտարապետությունն Իրանում» ցուցահանդես: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց հուշարձանագետ, ՀՃՈւ հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանն՝ ընդգծելով, որ մինչև հիմա նման ցուցահանդես չի եղել:
Ցուցահանդեսում հայկական մշակութային ժառանգությունը ներկայացված է լուսանկարների և գրչանկարների միջոցով. «Իրանի պետության կողմից մեր հուշարձաններիր նկատմամբ բարյացկամ վերաբերմունք կա: Նրանց այդ վերաբերմունքը մեր հուշարձանների նկատմամբ օրինակելի է: Պետական մակարդակով որևէ դժվարություն չունենք Իրանում հայկական ժառանգությունը ուսումնասիրելու համար»:
Հանդիպմանը ներկա ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան մշակույթի կենտրոնի տնօրեն Մաջիդ Մեշքին էլ նշեց, որ այս ցուցահանդեսի գաղափարը շատ վաղուց է եղել. «Ամբողջ ուշադրությունը, որ մենք ունենք հայ ճարտարապետության նկատմամբ, դա նրանից է, որ հայերը իրանցիների համար հյուր չեն, երկրորդ կարգի ժողովուրդ չեն, այլ պարզապես իրանցի են՝ բոլոր իրավունքներով: Մենք ուզում ենք ցույց տալ նաև նրանց ծառայությունը մեր երկրին»:
Դեսպանատան ներկայացուցչի խոսքերով, Իրանի վերաբերմունքի մասին է խոսում նաև այն, որ նրանք մի քանի այգամ ՅՈՒՆԵՍԿՕ-ին են ներկայացրել մի քանի հայկական մշակութային կոթողներ՝ դրանք որպես մշակութային ժառանգություն գրանցելու համար:
Նա նաև ավելացրեց, որ ցուցահանդեսում ներկայացված են ոչ միայն եկեղեցիներ ու վանքեր, այլև կամուրջներ, գյուղեր. «Որտեղ որ հայ է ապրել, փորձել ենք նմուշներ ներկայացնել այդ վայրերից»:
Նշենք, որ ցուցահանդեսը բացվելու է վաղը՝ Թումանյանի թանգարանում և կտևի մոտ մեկ ամիս, այնուհետև, հավանական է, որ կտեղափոխվի Թեհրան:
Սամվել Կարապենյանն ասաց նաև, որ ցուցահանդեսն իր վերջին հանգրվանը կգտնի Երևանի Կապույտ Մզկիթում:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը