![](https://panorama.am/news_images/491/1472175_1/f5640ca06db75f_5640ca06dbb7a.thumb.jpg)
Ձեռամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Վերաօծվել է Թբիլիսիի Ս. Գևորգ առաջնորդանիստ եկեղեցին (լուսանկարներ)
Այսօր, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ու ներկայությամբ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի, կատարվել է Թբիլիսիի (Վրաստան) Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու վերաօծման հանդիսավոր արարողությունը:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ 13-րդ դարում կառուցված Ս. Գևորգ եկեղեցու վերականգնման աշխատանքներն սկսվել էին 2012 թ.-ից՝ Վիրահայոց թեմի և «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի համատեղ ջանքերով:
«Մեր սուրբ հայրերի փառաբանական աղոթքով գոհություն ենք մատուցում Տիրոջը, որ շնորհը պարգևեց Մեզ կատարելու Թբիլիսիի Ս. Գևորգ եկեղեցու վերաօծման արարողությունը: Նվիրական արարողության այս պահին վերապրեցինք Ս. Գևորգ եկեղեցու ութդարյա առաքելության հիշատակները, որ խոսուն վկայություններն են Վրաստանի օրհնյալ հողում հայության հոգևոր ու ազգային կյանքի զարթոնքի՝ միաժամանակ խորհրդանշելով հայ և վրաց ժողովուրդների դարավոր բարեկամությունը:
Ս. Գևորգ զորավարը Քրիստոսի մեծագույն վկաներից է, ում անունը անխզելիորեն կապված է նաև հայ և վրացի եղբայր ժողովուրդների քրիստոնեական անցյալի հետ: Ս. Գևորգը արդարության մարտիկ է` Քրիստոսի զինվոր, ով իր անձը ամբողջապես նվիրաբերեց քրիստոնեական հավատքի զորացմանը, Տիրոջ Ավետարանի լույս պատգամների տարածմանը: Շարականագիրը Ս. Գևորգ զորավարին կոչում է «քաջամարտիկ զորավար» և «մարդկային ազգի պարծանք»: Եկեղեցական պատկերագրության մեջ Ս. Գևորգը ներկայացված է որպես հեծյալ` վիշապին խորտակելիս, ինչը հոգևոր խորհրդաբանությամբ բարու հաղթանակն է ընդդեմ չարի, լույսի հաղթանակը` ընդդեմ խավարի, ճշմարտության հաղթանակը` ընդդեմ կեղծիքի: Եկեղեցու պատմությունն ուսուցանում է, որ մեծահռչակ զորավարի նման անընկճելի նվիրյալների շնորհիվ է քրիստոնեությունը հաստատվել աշխարհում և գրավել մարդկանց սրտեր ու հոգիներ:
Ս. Գևորգ զորավարի հանդեպ ակնածանքով ու հարգանքով է, որ հայ և վրաց ժողովուրդների զավակները Սուրբ Գևորգին նվիրված հոգևոր ու մշակութային նվիրական արժեքներ են ստեղծել և իրենց որդիներին անվանակոչել և անվանակոչում են Գևորգ անունով: Զորավար Սուրբի հանդեպ սերն է նաև վրաց ժողովրդին մղել՝ նրան հռչակելու Վրաստանի հովանավոր Սուրբ»,-ասել է Նորին Սրբությունը:
Լրահոս
Տեսանյութեր
![ԱՆԻՖ-ի գործով Ավինյանը Քերոբյանի հայտարարությունը սուտ որակեց](https://panorama.am/video_images/17/50276_1/f66a0f86157c73_66a0f86157cb2.png)
![Կոնկրետ թիրախավորված է Գերասիմ Վարդանյանը. Փաստաբան](https://panorama.am/video_images/17/50265_1/f669fa592e5df9_669fa592e5e49.jpg)