«Հայաստանն առաջընթաց է ունեցել հատկապես ձեր իշխանությունը հանձնելուց հետո». Հովհաննես Սահակյանը՝ Լևոն Զուրաբյանին
Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում է ՀՀ ընտրական օրենսգրքում և Նույնականացման քարտերի մասին օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցը:
Նախագծի հիմնական զեկուցող ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը նշեց, որ հարցի քննարկումը կարևոր է, քանի որ այն պետք է ընդունելի լինի բոլորի կողմից:
Հ.Սահակյանը հայտնեց, որ հարցի հետ կապված հիմնական առաջարկները եղել են ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի կողմից, եղել են առաջարկներ նաև ՀՅԴ-ի, ինչպես նաև ՀԱԿ-ի առանձին պատգամավորների կողմից:
«Այն առաջարկները, որոնք արել են ՀՀԿ ու ՀՅԴ պատգամավորներ, ներառվել են նախագծում և վերաբերում են նրան, որ ընտրացուցակներում լրացուցիչ նշումների սյունակում պետք է նշվի, թե որ քաղաքացիներն են ընտրական գործընթացին մասնակցել նույնականացման քարտերով: Այնուհետև, դա հաշվառվի և առանձին արձանագրություններով նշվի, թե տվյալ ընտրատեղամասում քանի հոգի է քվեարկել նույնականացման քարտերով»,- ասաց նա:
Հաջորդ առաջարկությունը ներկայացրել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, որը վերաբերում էր մատների թանաքոտման մեխանիզմին, սակայն այդ առաջարկությունը չի ընդունվել:
«Սա հետադիմական ու հետամնաց երկրներում է կիրառվում, եվրոպական որևէ առաջադեմ երկիր այս տարբերակից չի օգտվում: Սա Աֆղանստանում և նմանատիպ երկրներում է կիրառվում, որտեղ 70 տոկոս անգրագիտություն է և մարդիկ չկարողանալով իրենց անունն ու ազգանունը գրել՝ այս տարբերակն են ընտրում»,- հայտարարեց Հ.Սահակյանը:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն էլ արձագանքեց. «Ասում եք, որ մատների թանաքոտումը լուրջ գործընթաց է ենթադրում, որ գնումների խնդիր կա: Այսինքն՝ ձեր փաստարկն այն է, որ այս ամենը նախապատրաստված չէ: Ստացվում է, որ սա չեք կարող անել ու մենք այս անպատրաստ վիճակում անցկացնում ենք Սահմանադրական հանրաքվեն: Ի՞նչն էր խանգարում իշխող կուսակցությանը հետաձգել Սահմանադրական հանրաքվեն, մինչև ընտրական համակարգերը ամբողջությամբ պատրաստ լինեին օրինական հանրաքվե անցկացնելուն»,- նշեց Լևոն Զուրաբյանը:
Անդրադառնալով Հովհաննես Սահակյանի այն հայտարարությանը, թե մատների թանաքոտման մեխանիզմը կիրառվում է հետադիմական և հետմնաց երկրներում, պատգամավորն ասաց. «Դուք համեմատել եք ՀՆԱ-ի ցուցանիշները կամ ազատության ինդեքսի ցուցանիշները աֆրիկյան երկրների հետ: Եթե համեմատեք, կտեսնեք, որ Աֆրիկայում կան երկրներ, որոնք այդ ցուցանիշներով վաղուց Հայաստանին անցել են: Դուք դեռ համարո՞ւմ եք, որ Հայաստանը գտնվում է առաջադեմ երկրների շարքո՞ւմ»:
Հովհաննես Սահակյանն էլ պատասխանեց. «Իհարկե, Հայաստանը առաջադիմական է, ժողովրդավարական տարբեր չափանիշներով՝ խոսքի ազատություն և այլն, բավական առաջընթաց է ունեցել հատկապես ձեր իշխանությունը հանձնելուց հետո: Իհարկե կան բազմաթիվ խնդիրներ, որոնք պետք է հաղթահարենք, իհարկե կան մեզ արջի ծառայություններ մատուցողներ, որոնք փորձում են ինքնահաստատվել, բայց աստիճանաբար նրանց շարքերը նոսրանում են, նման մարդիկ տեղ չեն գտնում ինչպես մեր, այնպես էլ ձեր շարքերում»:
Ինչ վերաբերում է ՀՆԱ-ի ցուցանիշներին, Հովհաննես Սահակյանն ասաց. «Ես ՀՆԱ-ի ցուցանիշով չնշեցի, ասացի, որ Աֆղանստանում 70% անգրագիտություն է տիրում»:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր