Այնպես չէ, որ աշխատանքի լայն ընտրություն կա և կանայք լոդր են ու չեն աշխատում. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)
Ազգային ժողովի արտահերթ նիստում «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտնեց, որ իրենց խմբակցությունը կողմ է քվեարկելու նախագծին, թեև այն ամբողջությամբ չի կարգավորում ոլորտում առկա խնդիրները:
«Չաշխատող մայրերն իրենց կամքով չէ, որ չեն աշխատում, աշխատանք չկա: Չպետք է մոռանանք, թե ինչպիսի երկրում ենք մենք ապրում, որտեղ գործազրկության մակարդակն ուղղակիորեն անցել է թույլատրելի սահմանները, որտեղ պաշտոնական թվերով աղքատությունը 36 տոկոս է, ու այնպես չէ, որ աշխատանքի լայն ընտրություն կա և կանայք լոդր են ու չեն աշխատում: Աշխատող մայրերը պաշտպանված են, բայց պետք է պաշտպանված լինեն նաև չաշխատող մայրերը»,- ասաց Ն.Զոհրաբյանը՝ հավելելով, որ նախ պետք է նրանց աշխատանքով ապահովել, հետո նոր միայն տեսնել, թե նրանցից քանիսն են իրենց կամքով հրաժարվել այդ աշխատանքից:
Նա հիշեցրեց, որ ԲՀԿ-ն ժամանակին մշակել էր օրենքի նախագիծ, որով նպաստ պետք է ստանային նաև չաշխատող մայրերը, սակայն նախագիծը մերժվեց, բայց Ն. Զոհրաբյանն ասաց, որ իրենք պատրաստվում են այդ նախագիծը կրկին շրջանառության մեջ դնել:
«Իհարկե այս նախագիծը որոշակի խնդիր լուծում է, շատ լավ է, որ չաշխատող մայրերը նույնպես ծննդյան միանվագ նպաստ կստանան, բայց դա ամբողջապես խնդիրը չի կարգավորում: Մենք գտնում ենք, որ և աշխատող, և չաշխատող մայրերի համար պետք է լինի հավասար դաշտ, այսինքն՝ չաշխատողները նույնպես պետք է ստանան ամսական 18 հազար դրամ նպաստ»,- նշեց Ն.Զոհրաբյանը:
Նա նաև հիշեցրեց, որ նախորդ կառավարությունը հանեց գործազրկության 18 հազար դրամ նպաստը` պատճառաբանությամբ, թե չարաշահումներ են լինում և այդ գումարները գողանում են:
«Գողանալը մեզ համար անակնկալ չէր: Հիմա ժամանակն է, որ մենք հաշվետվություն պահանջենք: Երբ հանվեց այդ նպաստը, ի՞նչ փոխվեց: Մի հատ հասկանանք՝ քանի՞ մարդ է ունակությունների բարձրացման թրեյնինգ անցել, արդյունքում նրանցից քանի՞սն ունեն աշխատանք: Ընդունում եմ, որ լրջագույն չարաշահումներ կային, գումարների մեծ մասը փոշիանում էին, բայց արդյոք արդյունավետ համակարգ ստացա՞նք, նրանցից քանիսը աշխատանքի տեղավորվեց: Անընդհատ գալիս, կանգնում ենք նույն խնդրի առաջ: Մեր անձնական գնահատմամբ՝ չպետք է տարբերակում լինի աշխատող և չաշխատող մայրերի միջև: Հիշում ենք, որ որոշ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կանայք, օգտվելով նրանից, որ շատ բարձր աշխատավարձ էին ստանում, կամ ծննդաբերության վերջին ամիսներին գործատուների հետ ինչ-ինչ գործարքների գնալով բարձր աշխատավարձ էին ստանում: Արդյունքում նախածննդյան ու հետծննդյան տասնյակ միլիոնների հասնող գումար էին ստանում: Այդ նախադեպերը եկեք չմոռանանք: Բայց կրկնում եմ, որ իրենց մեղքով չէ, որ կանայք չունեն աշխատանք ու զրկված են այդ չնչին 18 հազար գումարից»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Նա կոչ արեց պահպանել արդարության սկզբունքը:
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան