Հասմիկ Պողոսյանը՝ ԱՕԿՍ-ի շենքը յուրացնելու մասին. «Առավոտ»
«Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և Արմեն Սմբատյանը յուրացրել են պետական հուշարձանը». «Հետքը» այս առնչությամբ բավականին ծավալուն ուսումնասիրություն է կատարել, ըստ որի՝ մայրաքաղաքի ամենահին շենքերից մեկը՝ ԱՕԿՍ-ի շենքը, որն ընդգրկված է Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում, ինչ-որ զարտուղի ճանապարհներով սեփականաշնորհել են նախարարը և ՀՀ նախագահի միջազգային մշակութային-հումանիտար համագործակցության հարցերով խորհրդական Արմեն Սմբատյանը, որը 1997-ին եղել է ԱՕԿՍ-ի նախագահը:
Այս առնչությամբ «Առավոտ»-ը փորձել է Հասմիկ Պողոսյանից պարզաբանումներ ստանալ: Նա նախ պատճառաբանել է, թե դա պետական ծրագրերի և պետական ունեցվածքի հետ կապ չունի, հետևաբար չի ուզում պատասխանել: Հետո պատասխանել է. ԱՕԿՍ-ի շենքն իր տեղում կանգնած է: Այն երբեք պետական սեփականություն չի եղել: Այդ հուշարձանը երբեք չի եղել պետական, ինձ բերեք ղույց տվեք՝ ե՞րբ է այդ շենքը պետական եղել»:
Թերթի հարցին՝ Դուք առնչություն չունե՞ք ԱՕԿՍ-ի շենքի սեփականաշնորհման և յուրացման հետ՝ նախարարը կտրուկ պատասխանել է. «Ոչ: Այդ շենքը եղել է հասարակական կազմակերպությանը»: Դիտարկմանը, որ այդ ՀԿ-ի թելերը տանում են դեպի Ձեզ՝ Հասմիկ Պողոսյանը պատասխանել. «Դա եղել է հասարակական կազմակերպությանը, պետական չի եղել: Ի՞նչն է ձեզ անհանգստացնում: Ինձ հարց տվեք պետական գույքի, պետական ունեցվածքի հետ կապված, ուրիշ հարցերի ես չեմ պատասխանելու»: