Փոխնախարար. Անալոգային հեռարձակումը կընդհատվի մարզ առ մարզ
Թվային հեռարձակման անցման հետևանքով որևէ հեռուստադիտող չի զրկվելու հեռուստատեսային տեղեկատվություն ստանալու իրավունքից: «Անալոգայինից թվային հեռարձակման համակարգին անցնելու խնդիրները Հայաստանում» հանրային քննարկման ժամանակ ասաց ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Գագիկ Թադևոսյանը:
Նա հայտնեց, որ մոտ ժամանակներս սկսվելու է ՀՀ սոցիալապես անապահով ընտանիքներին հեռուսատեսային թվային ընդունիչ սարքերի բաշխումը:
Ըստ Գ. Թադևոսյանի, արդեն որոշում կա, որ 48 հազար 733 ընդունիչ ձեռք է բերելու «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերությունն իր խնայողությունների հաշին, որը հանձնվելու է տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությանը, որն էլ համաձայն հաստատված կարգի բաժանելու է բնակիչներին:
Փոխնախարարի խոսքով, անալոգային հեռարձակումը կընդհատվի մարզ առ մարզ այն դեպքում, երբ մարզում այլևս սոցիալական խնդիր չի մնա. «Այսինքն այն մարզում, որտեղ սոցիալական խնդիրը կսպառվի, անապահով ընտանիքները կունենան այդ ընդունիչները, նոր այդ դեպքում կանցկացվի անալոգայինի անջատումը և թվայինի մուտքը»:
Գ. Թադևոսյանը նաև ասաց, որ մարզային, տեղական հեռուստաալիքները չեն զրկվի հեռարձակումից. «Անալոգային հեռարձակման իրավունքը մարզային ալիքներին կթողնենք, կկարողանան իրենց գործունեությունը չընդատել»:
Հիշեցնենք, որ Հայաստանում անալոգային հեռարձակումից թվային հեռարձակման անցման ժամանակաշրջանը այս տարվա հուլիսի մեկից տեղափոխվել է 2016թ հունվարի 1-ը:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը