Նախագահը ցավակցություն է հայտնել մեծանուն դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանի մահվան կապակցությամբ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Վարդերեսյանների և Աբաջյանների ընտանիքին՝ հայ թատրոնի և կինոյի մեծանուն դերասանուհի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր Վարդուհի Վարդերեսյանի մահվան կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
«Վարդուհի Վարդերեսյանը հայ բեմի այն վարպետներից էր, ով հայրենի մշակույթին տասնամյակների նվիրվածության, ստեղծած վառ և տպավորիչ կերպարների շնորհիվ վայելում էր հայրենակիցների սերն ու համակրանքը: Նրա կերտած հերոսներն ընդմիշտ կմնան հայ թատրոնի և կինոյի պատմության, ինչպես նաև արվեստի բազմահազար երկրպագուների հիշողության մեջ:
Խորին ցավակցություն եմ հայտնում անվանի մտավորականի ընտանիքին, հարազատներին և գործընկերներին»,-ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում:
Հարակից հրապարակումներ`
- Վարդուհի Վարդերեսյանի կյանքն իսկական նվիրում էր մշակույթին. ԱԺ նախագահ
- Վարդուհի Վարդերեսյանի թաղման կապակցությամբ կստեղծվի կառավարական հանձնաժողով
- Մահացել է Վարդուհի Վարդերեսյանը