Վարդան Պողոսյանը ոչ մեկի պատվերը չի կատարել. Սահմանադրագետի հայրը` «Ոչ»-ի քարոզիչին
Սահմանադրության հանրաքվեի քարոզարշավի շրջանակներում հեռարձակվող «Այո և Ոչ» հեռուստաշոուի մասնակիցների հարավային խումբը հյուրընկալվել է Արարատի մարզի Վերին Արտաշատ համայնքում:
Քարոզարշավի ընթացքում պարզվեց գյուղամիջում հավաքված բնակիչների մեջ են նաև Սահմանադրական փոփոխությունների նախագծի հիմնական հեղինակներից մեկի` սահմանադրագետ Վարդան Պողոսյանի հարազատները:
Քաղաքական գործիչ Ազատ Արշակյանը հավաքված գյուղացիներին, որոնց թվում էր նաև Պողոսյանի հայրը, ասում էր, որ Վարդան Պողոսյանը «շատ լավ» իրավաբան է ու «շատ լավ կատարել է պետության պատվերը»:
«Էն մարդը նստել հրաշալի բան է գրել: Բայց մահվան քայլերգ է: Նրան ասել են` Հայաստանի Հանրապետության ժողովրդավարությունը պտի թաղենք, Վարդան ջան, էն մարդն էլ նստել, գրել է: Եկեք Վարդանին ասենք `ախպեր ջան, մի հատ տոնական երաժշտություն գրի, էդ տղեն կգրի», -ասաց Արշակյանը:
Նրա խոսքով, Սահմանադրության նախագծով պետք է հնարավորություն տալ, որ եթե պատգամավորը վատ է աշխատում հետ կանչվեն, ինչը սակայն Նախագիծը չի նախատեսում:
«Բայց ես դրա հնարավորությունը չունեմ` ընտրեցիր պետք ա թողես գնա մի քանի տարի նստի», -հավելեց Արշակյանը:
Արշակյանին արձագանքեց ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը. «Ես ձեզ կարող եմ ուղարկել Վարդան Պողոսյանի 97 թվականի մագիստրական աշխատանքը, որն 95 թվականի Սահմանադրության մահախոսականն է: Վարդան Պողոսյանին չեն պատվիրել: Վարդան Պողոսյանը գրել է մի երաժշտություն, որը շատ ուշ իշխանություններն ասել են այս երաժշտությամբ մենք հաղթանակի մարշ կարող ենք անել և ոչ թե վերևից է եղել է պատվերը, այլ ներքևից է պահանջարկը բարձրացել, և իշխանություններն ասել են` կարծես թե հաղթանակի մարշ է սա»:
Այնուհետև քարոզիչներին ու հավաքված ժողովրդին մասնավոր շփվելու հնարավորություն ընձեռվեց, և Ազատ Արշակյանը մոտենալով Վարդան Պողոսյանի հորը, նկատեց. «Ամեն մարդ չի սահմանադիր տղա բերում, դու բերել ես, էլ ինչ ես ուզում»:
Վարդան Պողոսյանի հայրն ասաց, որ Ազատ Արշակյանի ելույթի որոշ հատվածների հետ համաձայն է, բայց ճիշտ չէ, երբ հայտարարում է, թե որդուն կանչել են ու պատվիրել են «էս-էս գրել»:
«Վարդան Պողոսյանը 99 թվականից աշխատել է այս Սահմանադրության վրա և ոչ մեկի պատվեր չի կատարել: Դա ինձ ուղղակի վրդովեցնում է: 95 թվականին այս նախագիծը Ազգային ժողովում քննարկվեց և չընդունվեց», -Ազատ Արշակյանին ասաց Պողոսյան ավագը:
Հարակից հրապարակումներ`
- Հանրաքվեն կապ չունի իշխանություն-ընդդիմություն պայքարի հետ. Դաշնակցական
- «Այո»-ի կողմնակիցները վախենում են հենց իշխանափոխությունից. Նարեկ Այվազյան
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան