Օբաման կոչ է արել Էրդողանին թուլացնել Ռուսաստանի հետ լարվածությունը
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կոչ է արել Թուրքիայի նախագահին նվազեցնել Ռուսաստանի հետ հարաբերություններում առկա լարվածությունը և միաժամանակ իր աջակցությունն է հայտնել Թուրքիայի անվտանգության ապահովմանը՝ որպես ՆԱՏՕ-ի դաշնակից երկրի: Հաղորդում է «Reuters» գործակալությունը:
Ինչպես հաղորդվում է, Օբամա-Էրդողան հանդիպումը կայացել է Փարիզում, որտեղ այս օրերին կլիմայի համաշխարհային գագաթաժողովն է տեղի ունենում:
«ԱՄՆ-ն աջակցում է Թուրքիայի իրավունքը՝ պաշտպանել իրեն ու իր օդային տարածքը: Մենք քննարկել ենք, թե ինչպես Ռուսաստանն ու Թուրքիան կարող են համատեղ աշխատել լարվածությունը թուլացնելու ուղղությամբ և գտնել խնդրի լուծման դիվանագիտական ճանապարհ»,- ասել է Բարաք Օբաման:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահի հետ հանդիպումից հետո Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ռուս-թուրքական լարվածությունը իրենց ցանկացածը չէ և որ իրենք խաղաղություն են ուզում:
ԱՄՆ նախագահը հանդիպման շրջանակներում նաև Թուրքիայի նախագահին ասել է, որ ընդհանուր թշնամին Իսլամական պետությունն է և հենց այդ ուղղությամբ պետք է մեկտեղվեն ջանքերը: