Կառավարման մոդելի փոփոխությունն արտաքին զարգացումների վրա չի կարող ազդել. Վաղարշակ Հարությունյան
Սահմանադրական բարեփոխումների նախագծով առաջարկվող կառավարման մոդելի փոփոխությունն արտաքին քաղաքական մարտահրավերներին դիմակայելու հարցում վտանգների չի հանգեցնի: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը՝ պատասխանելով հարցին, թե կառավարման մոդելի փոփոխությունը ի՞նչ կբերի արտաքին քաղաքական մարտահրավերներին դիմակայելու դեպքում:
Նա հիշեցրեց, որ ինքն ԱԺ-ում կողմ է քվեարկել սահմանադրական բարեփոխումների նախագծին:
«Այժմ շատ է շահարկվում նաև գլխավոր գերագույն հրամանատարի հարցը: Այնպիսի տպավորություն է, որ այսօր առավոտից իրիկուն գլխավոր գերագույն հրամանատարը համազգեստով նստած՝ ավտոմատը ձեռքին, սպասում է որտեղից կլինեն մարտահրավերներ, որ կրակի: Կարող է մեր երկրի նախագահը կին լինի, որը երբևէ չի ծառայել, կամ տղամարդ, ով ինչ-ինչ պատճառներով չի ծառայել, կամ սերժանտի կարգավիճակ է ստացել, աշխատել է միայն ճաշարանում:
Կարևոր է, որ բանակը նորմալ աշխատի, վարչապետը, կառավարությունը գլխավոր շտաբի պետի հետ արագ որոշումներ կայացնեն: Չեմ կարծում, որ կարող են վտանգներ լինել»,- ասաց նա:
Քննարկմանը ներկա ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանն ասաց, որ սահմանադրական փոփոխությունների համաձայն, եթե հայտարարվել է պատերազմ, պատերազմական ռեժիմ է գործում, գլխավոր գերագույն հրամանատարի գործառույթներն անցնում են վարչապետին. «Վարչապետը տնօրինում է բոլոր լծակները, տիրապետում է բոլոր ռեսուրսներին, իրականացնում է համապատասխան մոբիլիզացիա՝ պաշտպանությունն ավելի համարժեք, ռազմական իրավիճակին համապատասխան կազամակերպելու համար»:
ՀՀ պաշտպանութան նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի կարծիքով, երկրում կառավարման մոդելի փոփոխությունը որևէ ազդեցություն չի կարող ունենալ արտաքին զարգացումների վրա, ավելի շատ փոփոխությունները վերաբերում են երկրի ներքին կյանքին:
Հիշեցնենք, որ սահմանադրական փոփոխությունների հանրավքեն կայանալու է դեկտեմբերի 6-ին: Առաջարկվող փոփոխությունների թվում է նաև կառավարման համակագի փոփոխությունը՝ կիսանախագահականից անցում կատարել խորհրդարանական համակարգի: